Ընդդիմություն դառնալու հարմար ու ճիշտ պահը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բաց թողեց, կարծում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: «Երբ Ազգային ժողովի ընտրություններից հետո ունեցան 37 տոկոս քվե և առաջ մղվեցին, պետք է որդեգրեին ամերիկյան դեմոկրատական կուսակցության մոդելը: Բայց իրենք խուսանավեցին, չուզեցին կամ չարեցին: Իսկ նախագահի ընտրությունների շրջանում այդ անհասկանալի վարքագիծը` ոչնչի չխառնվելու, ժողովրդի գնահատականին արժանացավ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լևոն Շիրինյանը և նկատեց, որ ինքը կասկածում է, որ ԲՀԿ-ն ստանա այդ դերակատարությունը:
Քաղաքագետի բնորոշմամբ` և ԲՀԿ-ն, և ՀՀԿ-ն դասական կուսակցություններ չեն. «Դրանք շահերի խմբեր են, իշխանության հետ հարցեր ունեն, հիմա կկարողանա՞ն այդ ճանապարհով գնալ, մի քիչ կասկածում եմ: Շահերի խմբեր ասելով` առաջին հերթին անձնական և կորպորատիվ շահերը նկատի ունեմ, ոչ թե` հայրենիքի: Խոսում են հայրենիքի համար, բայց իրենց մտքում այլ բան կա: Հիմա եթե այդ քայլը կանեն, շատ լավ, եթե ոչ` ժողովուրդն անընդհատ իր գնահատականները կտա: Իր չափով կչափի»,- ասաց նա:
Լևոն Շիրինյանը նկատեց, որ պետք է գիտակցել, որ ժողովուրդը ոչ մեկին չի սպասում, եթե մեկը թուլանում է, նրա տեղը կվերցնեն ուրիշները: Ըստ քաղաքագետի` այժմ կայուն շրջան է սկսվում, որը շատ բարենպաստ է Հայաստանը վերափոխելու և ճիշտ ուղով գնալու համար: Պետք է պետական շահը գերակա դարձնել ամեն ինչի հանդեպ:





