Մայիսի 17-ին Ազատության հրապարակում հերթական հանրահավաքն է լինելու: Այս անգամ հանրահավաք է հրավիրում Նախախորհրդարանը: Հանրահավաքին ներկայացվելու է «գործող վարչախմբի անցնցում հեռացման ծրագիրը, վարչախմբի հեռացումից հետո Հայաստանում նոր որակի պետության կառուցման ծրագրային մոտեցումները» և այն:Նախախորհրդարանի նախաձեռնողներից Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ երկրում ստեղծված իրավիճակի պատճառը հային ծառայող պետության բացակայությունն է: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ իրենց նախաձեռնության գլխավոր նպատակն է ստեղծել իրական պետություն և համակարգ, որը կծառայի ժողովրդին, ոչ թե կկեղեքի այն:
Նախախորհրդարանի համակիր, ԱՍԱԼԱ-ի վետերան Ալեք Ենիգոմշյանի խոսքով` իրենք ցանկանում են ունենալ մի պետություն, որտեղ հայն ու Հայաստանի քաղաքացին կկարողանան ապրել ազատ ու ստեղծագործ միջավայրում` որպես երկրի տեր. «Ազատ բառի ամենաարդար և ստեղծագործ բառի ամենաընդգրկուն իմաստներով»:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ Նախախորհրդարանի նպատակն է նախ պատկերացնել այն մոդելը, որով հնարավոր կլինի հասնել այդ իրավիճակին: «Վերջին 10-15 տարիների փորձը ցույց տվեց, որ ընտրությունները վերահսկվում են համակարգի կողմից ու ոչինչ փոխել չեն կարող: Փոփոխության հասնելու երկու ճանապարհ է մնում: Առաջինը` ապստամբությունն է, որ մարդկանց մտքով է անցնում: Ապստամբությունը մեր պայմաններում, սակայն, ցանկալի չէ: Մնում է այն, որ միգուցե մի փոքր ավելի դանդաղ, կամաց-կամաց բայց ամուր քայլերով մեր ժողովրդին օգնել ինքնակազմակերպվել, կազմակերպել մի ընտրական գործընթաց, որի վերահսկողը հենց ինքը` ժողովուրդը կլինի»,- ասաց նա: Ալեք Ենիգոմշյանը նկատեց, որ նպատակն ալընտրանքային, զուգահեռ իշխանությունների կազմավորումն ու ժողովրդի ինքնակազմակերպումն է:
Ավելացնենք, որ նախօրեին Նախախորհրդարանի անդամներն ու համակիրները իրազեկման երթ անցկացրեցին, որին մասնակցում էին «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուգասզյանը և այք:





