AM
13 Մայիս 2013 - 06:08 AMT

Պոռոտախոսություն և նախանձ. Քաղաքագետն` ընդդիմության անհաջողության պատճառների մասին

Հետսովետական շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքի զարգացման ժամանակ դերակատարություն ունեցան երկու բացասական միտում` քաղաքական պոռոտախոսությունը և քաղաքական նախանձն ու մեծամտությունը: Նման կարծիքի է քաղաքագետ Լևոն Շիրինյանը, ով PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում անցած մեկ տարվա ընտրական ցիկլի ժամանակ ընդդիմադիր դաշտում այդպես էլ չկայացած միավորման պատճառը հենց դա համարեց:

«Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը ո՞ւմ հետ կարող է միավորվել, եթե ինքը չէ առաջինը: Պարույր Հայրիկյանին հիշենք, նախագահի ընտրությունների շրջանում ամբողջ ընտրարշավին տարավ այն միտքը, որ ինքը բացառիկ ծառայություններ է մատուցել Հայաստանին, չնայած հնարավոր է չհաղթի, բայց ինքը ինքն է և այլն: Սա Հայաստանի քաղաքական կյանքն ամայացնող միտում է»,- ասաց նա: Լևոն Շիրինյանն այդ պոռոտախոսությունն ու մեծամտությունն անպարկեշտություն է համարում. «Մեր քաղաքական մշակույթին դա հատուկ չէ, սովետական ժամանակներից մնացած դատարկ բաներ են»:

Ըստ քաղաքագետի` մի քիչ էլ երևի իշխանությունն է օգնում, որ միավորումները չկայանան: Լևոն Շիրինյանը նկատեց, որ որքան ջլատված է ընդդիմադիր ճակատը, իշխանության համար այնքան հեշտ է խուսանավել և հաջորդական հաղթանակներ տանել, իսկ դրա արդյունքը Հայաստանի թուլացումն է:

Քաղաքագետն ընդգծեց, որ այս ամենից նոր սերունդը պետք է դասեր քաղի. «Նոր սերունդը պարտավոր է մի քիչ զուսպ լինել, բայց արդյունքի` մեջ ուժեղ»: