AM
13 Մայիս 2013 - 08:18 AMT

Վ.Սեդրակյանի 6 հատորանոց գործում փաստաբանն իր պաշտպանյալին չի գտնում. Գործի թերությունները

ՀՀ նախագհահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանի գործում երկու մեծ թերություն կա, կարծում է նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ իրենք մինչ օրս չեն կարողանում հասկանալ, որ եթե նույնիսկ Պարույր Հայրիկյանի հետ այդ դժբախտությունը պատահել է, եթե կալանավորված մյուս երկու մեղադրյալները գործն իրականացրել են, 6 հատորանոց գործի մեջ Վարդան Սեդրակյանին ո՞ւր է: «Ես հաստատ համոզված եմ և չեմ կասկածում, որ մեր իրավապահներն էլ են հասկանում, որ օրացույցի վրա 2013 թվականն է, ոչ թե 37-ը, և ընդամենը մեկ ցուցմունքով նախագահի թեկնածուին չեն դատում: Իրականում որևէ ցուցմունք էլ չկա, կրակողն ասում է, որ Սամվել Հարությունյանն, ով եղել է Վարդան Սեդրակյանի կաֆելշիկը, իրեն ասել է, որ Վարդան Սեդրակյանը վերջինին ասել է, որ Հայրկյանին վախեցնելը պետք է: Ես պատվերը կատարեցի, անզգուշորեն գնդակը նրան կպավ: Հիմա ինձ բացատրեք, եթե այս ցուցմունքով պիտի դատեն, թող դատեն»,- պարզաբանեց Ալեքսանդր Սիրունյանը:

Նա նկատեց, որ մյուս երկու մեղադրյալների մասով էլ է թերի գործը: «Ես չեմ կարողանում հասկանալ` հավի գողին բռնում են 02-ը դա ցույց է տալիս մի շաբաթ հետո, իսկ այդ կարգի կարևորագույն գործով ինչպե՞ս կարելի է կիլլերին` Խաչատուր Պողոսյանին, բռնելուց հետո փոխանակ մեկուսացնեն, հեռուստատեսությամբ են ցույց տալիս: Նա պիտի պարտադիր մեկուսանար, ճանաչում արվեր: Հայրիկյանը ինչպես ճանաչի, եթե նրան անընդհատ ցույց են տալիս: Կամ նա ասում է կրակել եմ, լավ ես արել կրակել ես, դրա համար քննչական փորձաքնություն էլ չեն արել: Դրա տեղը լավ էլ գիտեն, չեն արել, բայց Խաչիկ Պողոսյանը, որ ասել է զենքը այսինչ փողոցում գցել եմ աղբարկղը, փորձաքննություն արել են»,- ներկայացրեց փաստաբանը:

Ալեքսանդր Սիրունյանը պնդում է, որ Վարդան Սեդրակյանը Սամվել Հարությունյանին զենք գնելու համար գումար չի տվել: Նա գումար է տվել տան վերանորոգման աշխատանքների դիմաց, հազար, երկու հազար դոլար, ինչի մասին իր ցուցմունքում ասել է նաև Սամվել Հարությունյանը: «Ինձ կարող եք բացատրել, հազար դոլարով ինչ զենք կարելի է գնել, անգամ մանկական զենք չես գնի: Լինո՞ւմ է նման կիլլեր, որ ասում է ես գործը կանեմ, հետո կգամ փողի մասին կխոսենք: Խաչիկն ասում է` Սամվելն ասեց գործը անենք, հետո Վարդանը մեզ դիլխոր չի թողնի: Սա բրազիլական սերիա՞լ է, ի՞նչ է»,- նկատեց Ալեքսանդր Սիրունյանը:

Ալեսքանդր Սիրունյանը նաև նկատեց, որ նագանը, որը 7.62 տարամաչափով է, 35 մետր հեռավորությունից ծակում է 7.5 սմ-անոց տախտակ, այս դեպքում կրակոցը արձակվել է 60 սմ հեռավորությունից, փամփուշտը մնացել է ուսի մեջ, իսկ երկրորդ փամփուշտը, որը անցել է Հայրիկյանի վերարկուի միջով, ընկել է նրա կողքին և հայտնաբերվել նրանից մի քանի մետր հեռավորության վրա, իսկ այս փաստը անտեսվել է քննիչի կողմից:

Փաստաբանի խոսքով, «Նագանը», որը սովորաբար 35 մ հեռավորությունից ծակում է 7.5 սմ տախտակ, այս դեպքում, ըստ փորձագետի եզրակացության, կրակոցն արձակվել է 1 մետր հեռավորությունից և

Փաստաբանն ընդգծեց, որ Վարդան Սեդրակյանը մինչ օրս ցուցմունք չի տվել. «Համապատասխան մարմինները պետք է հասկանան, որ նման գործը ՄԻԵԴ-ից գալու է մի տարի հետո, բացելու են, տեսնեն, որ գործ չի, բրազիլական սերիալի սցենար է: Մեր դատաիրավական համակարգը լացելու վիճակում է: Իմ բախտը բերել է, որ իմ դեմ էլ ապացույց չեն գտել»:

Ըստ Ալեքսանդր Սիրունյանի` այստեղ մի բան այն չէ: Վաղը առաջին դատական նիստն է, որի ժամանակ, փաստաբանի խոսքով, մեղադրող դատախազին թաղանձագին խնդրելու են` իրենց բացատրի Վարդան Սեդրակյանի մեղքը: «Սա հին ոճ է: Եթե մեղադրյալները մի քանիսն են ընդհանուր մեղադրանքներ են ներկայացնում, բայց մենք ուզում ենք իմանալ մեզ ուղղված մեղադրանքները: Թող ներկայացնեն մեզ դրանք»,- ասաց նա և ավելացրեց,- «Մենք ուզում ենք հասկանալ` ով է նրանց ուղղորդել»:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` 34-րդ հոդվածով սահմանվում է հանցափորձը (Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով), 38-ով՝ հանցակիցների տեսակները և 305-ով՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը։ Մարտի 5-ին Հայրկյանի գործով կալանավորվել էր նաև նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը: Նա մեղադրվում է մահափորձը պատվիրելու մեջ:

Փետրվարի 7-ին Հայրիկյանի գործով ձերբակալվել էին Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակով գտնվող երկու կասկածյալ՝ 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը: