AM
13 Մայիս 2013 - 08:54 AMT

Ա.Մարտիրոսյանի սպասելիքները ԿԸՀ-ից արդարացան. Կուսակցական մարմիններ են և ծառայում են ՀՀԿ-ին

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին հրապարակեց Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ վերջնական որոշումը, որով ՀՀԿ-ն ստացավ ավագանու 42 մանդատ, ԲՀԿ-ն` 17 և «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքը` 6: Մինչ ԿԸՀ-ն կհրապարակեր այդ որոշումը, «Բարև, Երևանը» ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմում էր ներկայացրել հանձնաժողով: Դիմումը ԿԸՀ-ն մերժել էր:

Դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Արմեն Մարտիրոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս որոշումով ԿԸՀ-ն արդարացրեց այն սպասելիքները, որ ինքը ուներ այդ կառույցից: «ԿԸՀ-ն հատուկ այն բանի համար է, որ բոլոր օրինականությունները մերժի, իշխանությունների ամենաթողությունն արդարացնի: Համատարած ընտրակաշառքի, ճնչումների վերաբերյալ այդպես էլ որևէ վարույթ չի իրականացրել: Այս ամենը մենք, ցավոք սրտի, ունենք և ոչ մեկ օրվա ընթացքում: Բնականաբար, այդպես էլ պետք է լիներ, մեր երկրում պետական մարմիններն այլևս անկախ չեն իշխանություններից: Բոլորը կուսակցական մարմիններ են և ծառայում են ՀՀԿ-ին: Դա արտացոլված է նաև նախագահի ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցում»,- ասաց:

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ավագանու մանդատները վերցնելու-չվերցնելու վերաբերյալ որոշում դեռ չեն կայացրել:

Ավելացնենք, որ նախօերին հրապարակած որոշման մեջ ԿԸՀ-ն ընդգծել էր, որ Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա: