AM
13 Մայիս 2013 - 13:10 AMT

ԲՀԿ-ն կվերցնի մանդատները. Պարտավորություն ունենք քաղաքացիների հանդեպ, ովքեր վստահության քվե են տվել

Երևանի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կվերցնի ավագանու իր 17 մանդատները: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ ԲՀԿ-ում լուրջ քննարկման է դրվել հարցը, մի մասը դեմ է եղել մանդատները վերցնելուն, քանի որ 17 մանդատն ըստ էության որոշիչ չէ, և եթե մեծամասնություն չեն, ապա իսկապես բախվում են խնդիրների: Այդուհանդերձ, ի վերջո եկել են այն եզրակացության, որ պետք է վերցնել մանդատները, քանի որ բարոյական պարտավորություն ունեն այն քաղաքացիների հանդեպ, ովքեր իրենց վստահության քվեն տվել են ԲՀԿ-ին:

«ԲՀԿ-ն կվերցնի մանդատները և կփորձի բարձրացնել այն բոլոր հարցերը, որոնք այսօր ծառացած են Երևանի առջև: Նրանում, որ բազմաթիվ խնդիրներ կան, մենք ևս մեկ անգամ համոզվեցինք քարոզարշավի օրերին` լինելով Երևանի բոլոր բակերում և թաղերում: Ինչպես Գագիկ Ծառուկյանն է փոխանցել ավագանի անցած անդամներին, նրանց հիմնական աշխատատեղը պետք է լինի ոչ թե քաղաքապետարանի փափուկ աշխատասենյակը, այլ Երևանի բազմաթիվ բակերը, փողոցները: Ամեն օր պետք է շփվեն երևանցու հետ, լսեն նրանց խնդիրները, բարձրացնեն ավագանիում և հնարավորության սահմաններում հասնեն դրանց լուծմանը»,- Նաիրա Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց, որ ԲՀԿ ընտրական ցուցակի առաջին երեք համարները` Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանն ու Աբրահամ Մանուկյանը չեն վերցնի մանդատները: