Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանն այսօր ՀՀ վարչական դատարան է ներկայացրել ԿԸՀ մայիսի 11-ին կայացրած 107-Ա որոշումը վիճարկելու մասին հայցադիմումը: ԿԸՀ այդ որոշումով ամփոփվել էին Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց` «Բարև, Երևանը» Երևանի ավագանիում ստացել է 6 մանդատ:
«Մատնանշելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ, որոնք կոպտորեն խախտվել են ԿԸՀ գործողություններով և կայացրած 107-Ա որոշմամբ, դատարանից խնդրվել է նշյալ որոշումը վերացնել և ԿԸՀ-ին պարտավորեցնել քննարկելու «Բարև Երևան» դաշինքի մայիսի 10-ի դիմումը Երևանի ավագանու ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու մասին:
Վարչական դատարան է ներկայացվել նաև Երևանի թիվ 13 ընտրատարածքի տեղամասերում ընտրախախտումների պատկերն ու փաստական աղբյուրներն արտացոլող աղյուսակ պատկերացում տալու համար, թե ինչ ծավալի և կարևորության խախտումներ պետք է քննարկվեր ԿԸՀ-ում: Նման աղյուսակներ առկա են 12 ընտրատարածքների վերաբերյալ»,- ասված է «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:





