Երևանի ավագանու ընտրությունները շատ ավելի վատն էին, քան խորհրդարանականն ու նախագահականը, դրանք տասը քայլով հետ էին նախորդ երկուսից: Նման կարծիքի է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած «Բարև Երևան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Արմեն Մարտիրոսյանը, ով չի կարծում, որ ավագանու իրենց վեց մանդատը վերցնելով իրենք լեգիտիմացնում են այդ ընտրությունները:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա նկատեց, որ իրենց չի մնում այլ բան, քան պայքարել և լծակները հնարավորինս ծառայեցնել խնդիրների լուծմանը: «Մեզ վստահեցին, մենք պետք է այդ վստահությունը արդարացնենք: Խորհրդարանում մենք աշխատել ենք արդյունավետ, ոչ պակաս արդյունավետ կաշխատենք ավագանիում: Մեր պայքարն անընդհատ է, իսկ ավագանին պայքարի մի նոր հատվածի սկիզբ է, ԱԺ-ում մեն ներկայության հետ միասին այն մի փոքր ավելի համակարգված և լայն կստացվի: Պատգամավոր լինելու ժամանակ մեր հարցերի մեծ մասը Երևանի հետ էր առնչվում, վստահ եմ աշխատանքի մեծ դաշտ է լինելու»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նա նկատեց, որ «Բարև Երևան» դաշինքի անդամները վերահսկելու են ավագանու աշխատանքը, զսպող օղակ են լինելու, փորձելու են ատկատները նվազեցնել և այլն: Նա նշեց, որ «Բարև Երևանը» ավագանիում միակ ընդդիմադիր ուժն է, իրենք և հասարակությանն են ներկայցնելու, և իրենց մյուս ընդդիմադիր գործընկերներին:
Անդրադառնալով փաստին, որ վերջին տարիներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ֆինանսական միջոցները զգալիորեն աճել են, Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ նման մարդիկ պետք է բիզնեսով զբաղվեն, իսկ իրենք շատ լավ կիրականացնեն կառավարման ֆունկցիաները: «Նման տաղանդավոր բիզնեսմենը պետք է բիզնեսով զբաղվի, աշխատատեղեր ստեղծի»,- ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանը ևս մեկ անգամ նկատռժեց, որ աշխատանքի շատ դժվար տարիներ են սպասվում:





