AM
17 Մայիս 2013 - 11:06 AMT

«Ժառանգություն». Ընդդիմադիր դաշտում լինելով պայքարում են ընդդիմության դեմ և ապագա կառուցում

«Ժառանգություն» կուսակցության սպասելիքներն անցած մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններում չարդարացան, իսկ նախագահի ընտրությունների ժամանակ տեղի ունեցավ հակառակը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ հասարակությունը չունեցավ այն իշխանությունը, որը դե յուրե էր, և կարող էր իրականացնել արմատական բարեփոխումներ:«Այս ընթացքում մի իրավիճակ էր, երբ քաղաքական դաշտում տեղի ունեցան պրոցեսներ, որոնք փողածածկույթի դեր էին կատարաում, դրանց իրենց նպաստը բերեցին մեր որոշ գործընկերներ: ԲՀԿ-ից մեր ՀԱԿ գործընկերները փորձում էին ընդդիմադիր սարքել, իսկ եղան ընտրողներ, որոնք ԲՀԿ-ին ընտրեցին հենց որպես ընդդիմություն: ԲՀԿ առաջնորդի շուրթերից էլ հնչեց, որ իրենք ոչ միայն ընդդիմություն չեն, այլև չեն կարող լինել: Ազնիվ մոտեցում էր դա հայտնելը, սակայն ՀԱԿ-ի մեր ընկերները չպիտի նման գործընթաց իրականացնեին: Հնարավոր է, նաև այլ շահեր կային, որի պատճառով նման ապակողմորոշող քայլ կատարեց ՀԱԿ-ը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահն ընդգծեց, որ ամենամեծ լակմուսի թուղթը, թե ով է ընդդիմություն, ով է պայքարում, ով՝ ոչ, նախագահական ընտրություններն էին: «Դաշտը բյուրեղացավ և ակնհայտ դարձավ, թե ովքեր են պայքարում իշխանության դեմ, ովքեր՝ ընդդիմության: Ընդդիմադիր դաշտում գտնվելով պայքարում են ընդդիմության դեմ, տեսանք, որ նոր հոսանքներ են լինում, որոնք փորձում են սևացնել ընդդիմադիր դաշտը և իրենց քաղաքական ապագան կառուցել հենց դրա շնորհիվ»,- ասաց նա և նկատեց, որ դեռժ 2009թ.-ին ակնհայտ էր ՀԱԿ-ի դիրքորոշումը «Ժառանգության» նկատմամբ։

Ըստ նրա` ընդդիմադիր դաշտում մեկը մյուսի դեմ պայքարելու կուրմինացիան այն էր, որ ուղղակի ընտրողը պատժեց քաղաքական ուժերին. «Քաղաքացին պատժեց ընդդիմադիրներին, ասելով՝ ես այս ծայրահեղ վիճակում եմ գտնվում, իսկ դուք ձեր ամբիցիաների, անձնական շահերի համար եք աշխատում»

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենք, որևէ պորտալարով կապված չեն իշխանության հետ, և տարբեր ուժերում ևս նման մարդիկ կան: Նա նկատեց, որ քննադատում է ընդդիմադիրներին, քանի, որ իշխանության հետ կապված ամեն ինչ վաղուց արդեն պարզ է: «Հանրապետական կուսակցությունը պետք է մտահոգվի, որ երկրում իշխանություն չկա, ոչ թե խոսի ընդդիմության լինել-չլինելու մասին: Ունենք խումբ, որը յուրացրել է պետական միջոցները»,- ասաց նա

Ըստ Արմեն Մարտիրոսյանի` սերնդափոխություն է հարկավոր, իսկ նոր սերունդը այս իշխանությունների հետ որևէ կապ չպետք է ունենա, և արմատական փոփոխություններ իրականացնի: