AM
30 Մայիս 2013 - 11:41 AMT

Շ.Քոչարյան. Այսօր Թուրքիան ճնշման տակ է և երկխոսության ամբողջ գործընթացը հենց այդ երկիրն է վիժեցրել

ՀՀ Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ եկամուտների և ծախսերի կատարողականը ներկայացրեց նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց, որ նախարարությանը հատկացվել է 10.6 մլրդ դրամ, որոշակի հատված տրամադրվել է Սփյուռքի, Մշակույթի, Էկոնոմիկայի նախարարությունների հետ առնչվող ծրագրերին, իսկ ԱԳՆ ծախսել է 7.7 մլրդ դրամ է, որից 2.2 մլրդ եղել է տուրքերի տեսքով, մաքուր ծախսերը կազմել են 5.5 մլրդ դրամ:

Շավարշ Քոչարյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Ինչպես մյուս գերատեսչությունների դեպքում, ԱԳՆ հաշվետվությունը մի փաստաթուղթ է այն մասին, թե ինչպիսի աննախադեպ հաջողություններ է գրանցել ԱԳՆ-ն: Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեցին, հնչեցին մեղադրանքներ, որ դրանք վիժեցնում են Ցեղասպանության ճանաչման գործընթացը: Վերջին տասը տարում ամեն տարի ունեցել ենք որևէ երկրի պետական մարմնի կողմից Ցեղասպանության ճանաչման փաստ: 2007-ից հետո, ֆոտբոլային դիվանագիոտությունն է սկսվել: Այս տարիներին եղել է միայն մեկ ճանաչման դեպք: Ժամանակը չէ՞, որ ԱԳՆ-ն խոստովանի, որ հայ-թուրքական արձանագրություններով վիժեցրել է Ցեղասպանության ճանաչման գործընթացը»,- հարցրեց պատգամավորը:

«Մինչ հայ-թուքական արձանագրությունները, 2007-ին արդեն պրոցեսը դանդաղել էր: Դա մինչ արձանագրություններն էր զգացվում, Թուրքիան ամենուրեք համոզում էր, որ մեզ հետ երկխոսության մեջ է, պետությունները այդ խայծը կուլ էին տվել: Արձանագրությունները հստակ ֆիքսեցին դիրքորոշումները: Թուրքկական կողմից անընդհատ գալիս է այն ինֆորմացիոն հոսքը, թե գաղտնի բանակցություեններ այսօր էլ կան, այդ լուրերը իրականում միայն Թուրքիային են ձեռնտու, այն փորձում է գործընթացը դանդաղեցել»,- պատասխանեց Շավարշ Քոչարյանը:

Նա միևնույն ժամանակ նկատեց, որ այսօր Թուրքիան ճնշման տակ է և երկխոսության ամբողջ գործընթացը հենց Թուրքիան է վիժեցրել: «Մենք մեծ թափով պատրաստվում ենք 100-ամյակին, Թուրքիան էլ է շատ բուռն պատրաստվում: Ներգրավում են նաև արտասահմանում բնակվող ադրբեջանցիներին, որպեսզի կարողանան դրանից առաջ թափ առած անիվը զսպել»,- նկատեց փոխնախարարը:

Շավարշ Քոչարյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, թե ով հետ կանգնեց արձանագրությունների վավերացումից. «Եթե թուրքերին ձեռնտու էր, հետ չէին կանգնի: Դա խոսում է այն մասին, որ բանակցային գործընթացում նրանք ինչ ցանկանում էին, որ լիներ արձանագրություններում, չեղավ: Ցյուրիխում երեք ժամ հետաձգվեց ստորագրումը և այն առանց հայտարարությունների եղավ, որովհետև Թուրքիայի ԱԳ նախարարը փորձում էր յուրովի մեկնաբանել այդ արձանագրությունները, կապ գտնել Ղարաբաղի հարցի լուծման հետ»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր հերթին արձագանքեց, որ ստացվում է, որ եթե Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը վիժեցնելու հարցում էական է համարվում միջազգային հանրության կողմից փաստը, թե Թուրքիան ՀՀ հետ երկխոսության մեջ է, և դա տեսնում էր ճանապարհ Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը վիժեցնելու համար, փաստորեն ՀՀ-ն Թուրքիան տվեց փաստ՝ ստորագրելով արձանագրությունները: