Երևանում այսօր աշխատանքը սկսեց ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Եվրոպայի խորհրդի անդամ երկների ներկայացուցիչներ և այլք:
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ՀՀ որդեգրած քաղաքականությունը դեպի Եվրոպա գիտակցված ընտրության արդյունք է և բխում է Հայաստանի ներքին օրակարգից: ԱԺ նախագահն ընդգծեց, որ ՀՀ-ն եվրոպական քաղաքակրթության մասն է կազմում և միացավ ԵԽ-ին՝ վերահաստատելով իր պատմական ու մշակութային համարժեքությունը Եվրոպային:
«ՀՀ-ն՝ ի դեմս ԱԳՆ-ի առաջին անգամ ստանձնեց ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը, սա նշանակալից իրադարձություն է և մեծ պատասխանատվություն: Հայաստանը ստանձնեց նախագահությունը բավական հավակնոտ օրակարգով, ԵԽ-ի առջև ծառացած են այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են ռասիզմը, ատելությունն ու այլատյացությունը: Ժողովրդավարության ամրապնդման, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների գաղափարը խարսխված է ՀՀ գիտակցության վրա: Մենք ջանքեր չենք խնայի ԵԽ դերակատարության և աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված:»,- ասաց ԱԺ նախագահը:
Նա նշեց, որ ՀՀ ԱԳՆ կողմից գերակայություն է միջմշակութային երկխոսությունը և դա խիստ կարևոր է: «Հանդուրժողականության հիմքն է մշակույթների, կրոնների և ավանդույթների նկատմամբ հարգանքը: Հայաստանը հավատարիմ է եվրոպական կառույցներին ինտեգրվելու իր քաղաքականությանը: Մենք ունենք բարեփոխումների գործընթացը առաջ տանելու, արժանապատիվ, անվտանգ և ժողովրդավարական պետություն կառուցելու բավարար քաղաքական կամք: Սա մեր ժողովրդի, մեր քաղաքացիների ընտրությունն է: Այդ նպատակին հասնելու համար մենք վերահաստատում ենք եվրոպական կառույցների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցելու մեր պատրաստակամությունը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը համոզմունք հայտնեց, որ հաջորդ վեց ամիսներին մեծ հնարավորություն կլինի միասին արդյունավետ աշխատելու: «Մեր համագործակցությունն արդյունավետ է: Ռասիզմի դեմ պայքարի բարձրաստիճան խորհրդաժողով է կազմակերպվելու ՀՀ կողմից: Ողջունում եմ ձեզ ձեր աշխատանքի համար, ես գիտեմ, որ ՀՀ-ն պատրաստակամ է ամրապնդել իր հարաբերությունները»,- ասաց նա:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին վստահեցրեց, որ հաջորդ վեց ամիսների ընթացքում Հայաստանը բոլոր ջանքերը կգործադրի գերակայությունների շուրջ աշխատանքում: «Մենք բազմաթիվ խնդիրների ենք բախվում, հաջողությունը ոչ միայն անդամ երկրների ջանքերից է կախված, այլև միասնական աշխատանքից: Մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք մշակութային արժեքների պահպանմանը, ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված»,- ասաց նախարարը:





