AM
31 Մայիս 2013 - 07:59 AMT

Քուվեյթի խորհրդարանի ղեկավարին հայկական մրգերը շատ են դուր եկել. Հայաստանը դրախտային երկիր է

Քուվեյթը Հայաստանում ներդրումների հնարավորություններ է փնտրում: Բացի շինարարության ոլորտից Քուվեյթի խորհրդարանի նախագահ Ալի Ալ-Ռաշեդը տնտեսության այլ ճյուղերի էլ է ուշադրություն դարձրել: ԵՊՀ ուսանողադասախոսական կազմի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նա ասաց, որ իրեն հայկական մրգերն են դուր եկել:

«Այս առումով Հյաաստանը դրախտային երկիր է»,-ասաց նա: Ալի Ալ-Ռաշեդն իր խոսքում բարձր գնահատեց հայերի ազնիվ դիրքորոշումը այն տարիներին, երբ Քուֆեյթը ծանր քաղաքական կացության մեջ էր:

«1990 թվականին, երբ Իրաքը գրավեց մեր երկիրը, մենք ծանր դրության մեջ հայտնվեցինք, բայց կանոնավոր վճարում էինք աշխատավարձերը, կատարում պետական պարտավորությունները և այդ ամենը դրսում արված ներդրումների շնորհիվ էր, այդ պատճառով էլ, այսօր մեր երկիրը հատուկ ուշադրություն է դարձնում ներդրումային հնարավորություններին: Հայաստանը ունի հուսալի ներդրումային երկիր լինելու բոլոր հնարավորությունները»,-ասաց Քուվեյթի խորհրդարանի ղեկավարը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոյանն էլ իր խոսքում նշեց, որ Ալի Ալ-Ռաշեդի այցը կնպաստի երկու երկրների համագործակցությանը նաև կրթության ոլորտում . «Մենք ուսանողների փոխանակման ծրագիրը հաջողությամբ ենք իրականացնում, հուսով եմ, որ այս հանդիպումը կընդլայնի կրթական համագործակցությունը»:

Արամ Սիմոնյանը հյուրին հանձնեց Մայր բուհի մեդալ՝ Քուվեյթի և Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար: