Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ամբողջովին համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը, որը ձևակերպվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների միջոցով: Այսօր Երևանում ընթացող ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նման հայտարարություն արեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ՀՀ-ն ողջունում է և պատրաստ է գնալ լուծման հիմնվելով երեք համանախագահող պետությունների առաջարկների վրա, իսկ նույն դիրքորոշումը Ադրբեջանի կողմից չի լսվում:
«Ադրբեջանը ձևացնում է, թե սատարում է այսպես կոչված 2009 թվականին նորացված Մարդրիդյան սկզբունքների տարբերակին: Այսինքն, իրենք համարում են, որ այն տասնյակ աշխատանքային տարբերակները, որոնք ներկայացրել են երեք համանախագահողները իբրև հնացա՞ծ են: Այո՞: 2009-ից հետո ամեն ինչ հնացա՞ծ է: Ես ընդգծում եմ, որ 2009-ին ադրբեջանական կողմը չընդունեց դեկտեմբերին փոփոխված տարբերակը: Իրենք ընդունեցին այնպես, ինչպես ընդունել էին Կազանում, Սոչիում, Աստրախանում, Սանկտ-Պետերբուգրում և բոլոր մյուս ժոսղովներում` 10 և ավելի փոփոխություններով հանդերձ: Կամ ընդունում ես, կամ չես ընդունում: Եթե գալիս ես տասը փոփոխությունով, ուրեմն չես ընդունում: Դա է տարբերությունը»,-ասաց ԱԳ նախարարը:
Ինչ վերաբերում է միջազգային հանրության ակնկալիքներին Հայաստանից, նախարարը հայտարարեց. «Միջազգային հանրությունը Հայաստանից կարող է ակնկալել ինչ՞: Մենք ողջունում է միջազգային հանրության դիրքորոշումը, որը ձևակերպվել է երեք համանախագահողների կողմից ոչ միայն կարգավորման հիմնական սկզբունքների, այլև վստահության ամրապնդման միջոցառումների և հրադադարի համաձայնագիրն ամրապնդելու վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանն ընդունում են, Ադրբեջանը մերժում է: Կամ` շփման գծի երկայնքով հրադադարի խախտման միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու հարցը, դիպուկադարներին շփման գծից հետ քաշելը ՀՀ-ն և ԼՂՀ-ն ընդունում են, Ադրբեջանը մերժում է: Կարող եմ այսպես շարունակել: Երբ հնչում է հարց, թե մենք պետք է ավելին անենք, ավելին ի՞նչ անենք»:
Էդվարդ Նալբանդյանը նաև ընդգծեց, որ Դուբլինում կայացած նախարարական վերջին ժողովի ժամանակ երեք համանախագահողները երկու նախարարների հետ միասին քննարկել են համատեղ հայտարարության տեքստը՝ երեք գումարած երկու ձևաչափով: «Ադրբեջանը մերժեց, որովհետև իրենք դեմ էին «հակամարտության խաղաղ կարգավորում» ձևակերպմանը, դեմ էին հրադադարի ամրապնդման մեխանիզմի ստեղծմանը և այլ կետերի: Երեք համանախագահողներն ընդունեցին եռակողմ հայտարարություն, և մենք ասացինք, որ կարող ենք ստորագրել այդ հայտարարության տակ»,-ասաց ԱԳ նախարարը:





