AM
3 Հունիս 2013 - 06:55 AMT

«Հայազն». Մոսկվայի և Բրյուսելի խաչաձև ճնշմանը հնարավոր է դիմակայել միայն հայակենտրոնության դիրքերից

Տիգրան Սարգսյանի մինսկյան հայտարարությունները վերստին օրակարգային դարձրեցին Եվրասիական կամ, որպես դրա այլընտրանք, Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու հարցը:

Այս համատեքստում վերպետական կառույցներից որևէ մեկում Հայաստանի ներառվելը ներկայացվում է անխուսափելի: Սակայն, թե ստեղծվող եվրասիական տնտեսական կառույցը, թե եվրոպական միության հետ ասոցիացման համաձայնագիրը էապես սամանափակելու են Հայաստանի ինքնիշխանությունը: Նման հայտարարություն է արել «Հայազն» կուսակցության վարչությունը:

«Մոսկվայի և Բրյուսելի խաչաձև ճնշմանը հնարավոր է դիմակայել միայն հայակենտրոնության դիրքերից: Իսկ բոլորին հաճոյանալու իշխող վարչախմբի ձգտումը վաղ թե ուշ հանգեցնելու է ճնշման կոշտացմանը: «Հայազն» կուսակցությունը հանդիսանալով ազգային ինքնիշխանության բացարձակության սկզբունքի անվերապահ և հետևողական պաշտպան, ևս մեկ անգամ հաստատում է իր հավաքական պատրաստակամությունը բոլոր հասու միջոցներով պաշտպանել այն ցանկացած հնարավոր ոտնձգությունից»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը Մինսկում երկկողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին և դրանց Հայաստանի մասնակցության հնարավոր ձևաչափերին: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ այդ ուղղությամբ այժմ պետք է հստակեցնել տեխնիկական այն հարցերը, թե ինչպիսի քայլերով պետք է առաջ գնալ: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ քննարկել է նաև երկկողմ հուշագրի ստորագրման հարցը:

Դմիտրի Մեդվեդևը ևս կարևորել է Հայաստանի ներգրավվածությունը եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին և նշել, որ անհրաժեշտ է միայն գտնել համագործակցության պատշաճ ձևաչափ: