AM
3 Հունիս 2013 - 09:08 AMT

Գ.Սահակյանը՝ Գորիսի միջադեպի մասին. ԳՄ-ն պատժիչ մեքենա չէ, իսկ գործի հետաքննությունն ընթացքի մեջ է

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հերքում է տեղեկությունները, թե ՀՀԿ-ն այսօր Գործադիր մարմնի նիստ է գումարելու` քննարկելու նախօրեին Գորիսում տեղի ունեցած միջադեպը և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարցը: Նա տեղեկացրեց, որ ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը տեղի կունենա հունիսի 6-ին:

«Գործադիր մարմինը պատժիչ մեքենա չէ, գործի հետաքննությունը դեռ ընթացքի մեջ է: Նրանք, ովքեր հանցանք են կատարում, պետք է պատժվեն: Հանցագործությունների համար ունենք լիազոր մարմիններ, որոնք զբաղվում են այդ հարցերով»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Սյունքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ մոտ հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահներից հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բուդաղյաններից մեկը Գորիսի գնդի նախկին հրամանատարն է, ով այժմ ծառայում է ԼՂՀ ՊԲ-ում, իսկ մյուսը` Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն էր: