Խորհրդարանում գյուղատնտեսության ոլորտում 2012թ.-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց, թե տեղյա՞կ են, որ գյուղացիներին հատկացված դիզվառելիքը նախատեսված չափով չի հասնում նրանց. «Ձեր ֆունկցիան ո՞րն է, միայն հատկացնելը, թե նաև հետաքրքվելը՝ հասնո՞ւմ է այն իր նպատակին, թե՝ ոչ։ Այսինքն՝ վերահսկե՞լ եք ամեն ինչ հասել է տեղ»:
Հարցին պատասխանեց Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և հայտնեց, որ ֆինանսների վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացնում. «Դեռ վաղ է հետևություններ անել, երբ ավարտվեն ստուգումները կհայտնենք: Բայց եթե տեղյակ էիք, որ կար այդպիսի խնդիրներ, ցավում եմ, որ ավելի շատ չեք տեղեկացրել մեզ»:
Պատգամավորն արձագանքեց, որ ինքը վերահսկողություն իրականացնելու լիազորություններ չունի, բայց եթե ունենար շատ բան կաներ: «100-ից մեկն է չի հասնում, այնպես չի, որ դուք չգիտեք այդ մասին»,- ընդգծեց պատգամավորը: Դավիթ Սարգսյանը ևս մեկ անգամ նշեց, որ ցավում է, որ նման վերաբերմունք կամ նման դիրքորոշում ունի պատգամավորը. «Եթե նման կասկածներ ունեինք, մեզ պետք է ավելի վաղ հայտնեիք»:





