AM
4 Հունիս 2013 - 08:12 AMT

Դիմորդ. Երեխա ժամանակ ասում էի` մեծանամ, բանկի կառավարիչ եմ դառնալու, մաման էլ թե` 3 կգ բանկի կառավարի՞չ

Առավոտյան հանրապետության քննական կենտրոններում մեկնարկել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննությունը: Մասնակցելու հայտ է ներկայացրել 8.975 շրջանավարտ, որից 298-ը քննությունը հանձնում է ԵՊՀ քննական կենտրոնում:

PanARMENIAN.Net-ի թղթակիցի հետ զրույցում քննական կենտրոնի ղեկավար Գյուլնարա Փալիկյանը նշեց, որ 22 բացակա ունեն. նրանց մի փոքր էլ ժամանակ տալու նպատակով քննությունը ժամը 9:00-ի փոխարեն սկսել են 9:45-ին: «Ամեն ինչ ընթանում է նորմալ հունով, ոչ մի խնդիր, լարվածություն չկա, երեխաները շատ հանգիստ են: Կավարտենք 12:45-ին` քննությունը տևում է 3 ժամ», – ասաց նա:

Մինչ քննասենյակում երեխաները հարցերի պատասխաններն են փորձում գտնել, ծնողներն էկրանների վրա նրանց էին փնտրում: Ադելա Գրիգորյանն իր որդուն արդեն գտել էր. «Շարժումներից միայն հոգնածություն եմ նկատում», – ասաց նա ու պատմեց, որ որդին Տնտեսագիտական համալսարան(ՀՊՏՀ) է փորձում ընդունվել:

«Մոտ 16-17 միավորի հույս ունենք, բայց ամեն ինչ անկանխատեսելի է: Հատկապես, որ թեստերն անհիմն բարդացված են: Կրկնուսույցի մոտ անպայման պարապել է, առանց դրա հնարավոր չէ, դպրոցը միանշանակ բավական չէ»,- ասաց Ադելա Գրիգորյանը:

Իսկ Ժորա Գրիգորյանը` նրա որդին, պատմեց, որ դեռ երեխա ժամանակից էր ուզում բանկի կառավարիչ դառնալ.«Որ երեխա էի, ասում էի` մեծանամ, բանկի կառավարիչ եմ դառնալու, մաման էլ թե` 3 կգ բանկի կառավարի՞չ»:

Իսկ Ժորայի պես ՀՊՏՀ դիմորդները, ինչպես նախորդ տարիրներին այս տարի էլ գերակշռում են, նաև ԵՊԲՀ-ն, ԵՊՀ իրավաբանական, միջազգային հարաբերությունների ֆակուլտետները չեն կորցրել իրենց դիրքերը: Այս մասին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է նշել` թիվ 189 ավագ դպրոցի քննական կենտրոնում: Նախարարն ավելացրել է, որ, այնուամենայնիվ այս տարի դեպի ուսումնարաններ և քոլեջներ մեծացել է:

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննություն են հանձնում գրեթե բոլոր դիմորդները, բարդ առարկա է, և մենք նախապես, շտեմարաններում ընդգրկված տասնյակից ավելի վիճահարույց առաջադրանքներ դուրս ենք թողել թեստերից», – ասաց նախարարը և տեղեկացրեց նաև, որ հունիսի 1-ին անցկացված «Ռուսաց լեզու» առարկայի քննությունից հետո ոչ մի բողոք չի ներկայացվել, միջին բալը կազմել է 11:

Այս տարի 14.345 դիմորդ է փորձում բուհեր ընդունվել: Հաջորդ միասնական քննությունը «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից է` հունիսի 7-ին: