AM
4 Հունիս 2013 - 11:00 AMT

ԲՀԿ պատգամավոր. Ասել, որ Սյունիքը և Շիրակը կրիմինալ մարզեր են, անընդունելի է

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը համամիտ չէ այն կարծիքի հետ, թե Գյումրին կրիմինալ քաղաք է: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով նախօրեին Գորիսում տեղի ունեցած միջադեպին, պատգամավորը նշեց, որ հանրապետության բոլոր մարզերում, քաղաքներում ու գյուղերում նմանատիպ դեպքեր լինում են. «Ցավալի է, որ լինում են, մանավանդ մահվան ելքով։ Իսկ դրանից ելնելով ասել, որ Սյունիքը կրիմինալ մարզ է, Շիրակը կրիմինալ մարզ է, անընդունելի է»:

Հարցին` Գորիսում տեղի ունեցած միջադեպն արդյո՞ք Սյունիքում անպատժելիության մթնոլորտի արդյունք է, պատգամավորը պատասխանեց, որ դեպքեր լինում են, որակել, որ հանրապետությունում կա ձևավորված ինչ -որ մթնոլորտ, սխալ է: Նա նկատեց, որ Գյումրիում ապրիլին տեղի ունեցած կրակոցների դեպքի հետ կապված իր անունը ևս շրջանառվեց. «Ինձ կապեցին այդ դեպքերի հետ, ես բացարձակապես կապ չունեմ, թացը չորի հետ խառնվեց, և այդ ամեն ինչը ներկայացվեց կլանների բախման արդյունք»:

Մարտուն Գրիգորյանը կարծում է, որ Գյումրիում մթնոլորտը փոխվելու խնդիր չկա:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի գիշերը Սյունքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ մոտ հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահներից հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բուդաղյաններից մեկը Գորիսի գնդի նախկին հրամանատարն է, ով այժմ ծառայում է ԼՂՀ ՊԲ-ում, իսկ մյուսը` Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն էր: Այսօր արդեն կալանավորվել են Սյունիքի մարզպետի որդին ու թիկնապահը:

Իսկ Գյումրիում միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի 23-ին, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի104 հոդվածի հատկանիշներով: Հարություն Խաչատրյանը Մարտուն Գրիգորյանի մտերիմներից է: Այս գործով ոստիկանությունում ցուցմունք էր տվել նաև Գյումրում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, իսկ նրա եղբորորդու դեմ քրեական գործ էր հարուցվել: