Հունիսի 3-ին, ժամը 17.44-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանն ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-ի շինարարական աշխատանքների ընթացքում՝ ժայռաբեկորը պոկվել և ընկել է էքսկավատորի վրա:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները չեն կարողացել մեքենայով մոտենալ դեպքի վայրին ճանապարհի անանցանելիության պատճառով, և մի հատվածը անցել են ոտքով
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ աշխատանքներ իրականացնելիս «Հունդայի» մակնիշի էքսկավատորի վրա է ընկել մոտ 30 տ., 10-15 խ.մ ժայռաբեկոր, ինչի հետևանքով վարորդը՝ Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Ա. Խալաթյանը տեղում մահացել է:
Տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով հնարավոր չի եղել կիրառել ծանր տեխնիկա, աշխատանքներն իրականացվել են ձեռքի տեխնիկական միջոցներով: Այսօր՝ ժամը 08.47-ին հրշեջ-փրկարարները բեկորների տակից դուրս են բերել վարորդի դին։ Նշենք, որ «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի առաջին նախագիծը մերժվել էր, սակայն հետագայում երկրորդ նախագիծը հավանության է արժանացել:
Բնապահպանները պնդում են, որ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի տեղադիրքը կապված է Արջատխլենու և Իջևանի արգելավայրերի ու նրանց պահապանման գոտիների հետ, իսկ ջրօգտագործման թույլտվության մեջ նշված ջրառի և ջրահեռացման կոորդինատների համադրմամբ պարզել ենք, որ նախատեսվող ՓՀԷԿ-ի ջրառը և խողովակաշարը գտնվում են Իջևանի արգելավայրի տարածքում:





