AM
5 Հունիս 2013 - 14:01 AMT

Նոյեմբերյանի զորամասում վիրավորված զինվորն ապաքինվում է, բայց ծառայությունը չի շարունակի

Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեացծ միջադեպի հետևանքով զոհված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի զինծառայակից Հրաչ Սարգսյանը, որը նույն միջադեպի ժամանակ հրազենային վնասվածք էր ստացել, արդեն զինհոսպիտալի ընդհանուր բաժնում է և դինամիկ ապաքինվում է: PanARMENIAN.Net-ի թղթղակցի հարցին պատասխանելով այսօր ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:

«Զինվորը այսօր լավ շփվում է, խոսում է այնպես, ինչպես մենք ենք խոսում, կարելի է ասել, որ բուժման կարիք զինծառայողն այլևս չունի և նրան մնում է անցնել վերականգնողական փուլը»,- ասաց փոխգնդապետ Արա Ասատուրյանը:

Նա նաև հայտնեց, որ ԿԿԶՀ-ն արդեն բանակցում է Կարմիր խաչի հետ, որպեսզի հետագա վերականգնողական փուլը Հրաչ Սարգսյանը շարունակի այնտեղ: Իսկ վերականգնողական փուլն ավարտելուց հետո, Ասատուրյանի խոսքով, զինվորը ծառայության էլ չի վերադառնա:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում ու տեղափոխվել էր հիվանդանոց:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: