Հյուսիսային և Հարավային Կովկասի քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացումները, էթնոքաղաքական կոնֆլիկտները և տարածաշրջանային անվտանգությունը: Սրանք այսօր Երևանում Կովկասի ինստիտուտի, Հայաստանում Լեհանստանի Հանրապետության դեսպանության և Կովկասյան ակադեմիական ցանցի աջակցությամբ մեկնարկած «Կովկաս 2012» գիտաժողովի հիմնական թեմաներն են:
Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի գիտնականները, լրագրողներն ու հասարակական գործիչները:
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գիտաժողովը ավանդական է և արդեն մոտ մեկ տասնամյակ է՝ ինչ անցկացվում է: Նա կարևորեց այն հանգամանքը որ տարածաշրջանի պետություններում տեղի ունեցող իրադարձությունները և տարածաշրջանային խնդիրները բարձրաձայնվում են հենց այդ պետությունների կամ դրանցում գործող տարբեր կառույցների ներկայացուցիչների միջոցով:
Գիտաժողովի բացման ժամանակ Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ սա աշխարհում նման քնննարկումների միակ ձևաչափն է և ասաց, որ իրենք միշտ խնդրում են զեկուցողներին խոսել այն ամենի մասին, ինչը իրենք են կարևոր համարում:
«Այս գիտաժողովի նպատակն է մի փոքր հեեռվից ու սառը գլխով նայել անցած իրադարձություններին»,-ասաց Իսկանդարյանը ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին նշեց, որ ինքն ուրախ է նման հետքարքիր միջոցառման համակազմակերպիչ լինելու համար և ընդգծեց, որ քաղաքագետների և վերլուծաբանների կարծիքներին ուշադիր հետևում են նաև այլ պետություններում և կես կատակ կես լուրջ ասաց.
«Եթե դուք կարողանաք կարդալ պաշտոնյաների հաղորդագրությունները միմյանց, ապա կտեսնեք, որ ձեր մասին էլ են խոսում, չնայած չեմ կարծում, որ դուք կկարողանաք դա անել, որովհետև մեր անվտանգության համակարգը լավ է գործում»: Դեսպանը փորձագետներին համեմատեց լուսարձակի հետ, որը ցույց է տալիս ճանապարհը և խոսում հնարավոր վտանգների մասին:





