AM
7 Հունիս 2013 - 10:51 AMT

Սաֆարովի դեպքից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց. Նրան ոչ թե ինչ-որ մարդ հերոսացրեց, այլ Ադրբեջան պետությունը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում իրավիճակը կտրուկ փոխվեց Ռամիլ Սաֆարովի դեպքից հետո: Այսօր «Կովկաս 2012» միջազգային գիտաժողովի ժամանակ նման հայտարարություն արեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետն ընդգծեց, որ այդ էական փոփոխությունը տեղի չունեցավ այն պատճառով, որ ինչ-որ մեկը սպանել էր մեկ ուրիշին: «Աշխարհում լինում են հանցագործներ, լինում են անհավասարակշիռ, հոգեկան հիվանդ մարդիկ, լինում են մարդիկ, ովքեր սպանում են քնած մարդկանց, ովքեր դատապարտվում և ազատազրկվում են: Հարցը դրանում չէ, այլ նրանում, որ ոչ թե մարդը, այլ Ադրբեջան պետությունը ազատեց նրան, բարձրացրեց նրա կոչումը, վճարեց այդ տարիների նրա աշխատավարձը, բնակարան տվեց: Եթե հայկական և միջազգային կողմի ճնշումները չլինեին, ես համոզված եմ, որ նրան հերոս կհռչակեին նաև պաշտոնապես և շքանշան կտային»,- ասաց քաղաքագետը:

Նա ընդգծեց, որ Ադրբեջան պետությունը փաստացի Ռամիլ Սաֆարովի արարքը ընդունեց որպես բանակի սպայի գործուղման ժամանակ կատարած աշխատանք: «Դրանից հետո ղարաբաղցիների կամ առհասարակ հայերի հետ խոսել այն մասին, որ նրանք պետք է ապրեն Ադրբեջանի իշխանության տակ, որ այս նախագահը կամ այս բանակը կերաշխավորի մարդկանց անվտանգությունը, կամ պարոն Սաֆարովը կարող են լինել նրանց անվտանգության երաշխիքը, ամբողջությամբ դուրս է որևէ տրամաբանության սահմաններից»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա նշեց, որ այստեղ բախվում են երկու մոտեցումներ` Ղարաբաղը տարածք է և Ղարաբաղը մարդիկ են: Նրանք այնտեղ ապրում են և ապրել այդպիսի իրավիճում, նման հանրապետության սահմաններում, պարզապես չեն կարող, վստահ է քաղաքագետը: Նա կարծում է, որ բանակցություններում Ալիևը հզոր խաղաքարտ տվեց հայկական ցանկացած պատվիրակությանը. «Այս դեպքից հետո անգամ բանակացությունների իմիտացիա անելը նման պայմաններում բավական դժվար է»: