AM
8 Հունիս 2013 - 08:41 AMT

Լարիսա Ալավերդյան. Փոխհատուցում պահանջելը Ադրբեջանի կողմից հերթական հոգեբանական ճնշման փորձն է

Ադրբեջանը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ պատրաստվում է հայց ներկայացնել Հայաստանի դեմ Արդարադատության միջազգային դատարան և պահանջել 300 միլիարդ դոլար տույժ վճարել: Նման դիմումով հանդես էր եկել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Ադրբեջանը կրկնօրինակել է միջազգային փորձը, որը հաճախ է կիրառվում որպես քաղաքական զենք:

«Չեմ կարծում, թե նրանց կհաջողվի այն հասցնել լուրջ միջազգային ատյաններին, սակայն դա հոգեբանական ճնշման փորձ է: Երկկողմանի արտագաղ է եղել, և Հայաստանը 72 մլն դրամի փոխհատուցում է կատարել Ադրբեջանին, թեև ադրբեջանցիների մեծ մասը կարողացել են իրենց սեփականությունը փոխանակել: Մինչդեռ հայ փախստականների կորուստները շատ ավելի մեծ են եղել, բայց Ադրբեջանը որևէ փոխհատուցում չի կատարել: ԽՍՀՄ-ն այն ժամանակ նման պահանջ չի դրել նրա առջև»,- շեշտեց նա:

Ալավերդյանը գտնում է, որ պետական մարմիններն այդ ուղղությամբ որևէ աշխատանք չեն իրականացնում, դրանք պասիվ, նահանջողական ու իներցիոն վիճակում են հայտնվել՝ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիվ գործունեության: