ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետականտեսչության կողմից հունիսի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 400 հազար դրամի ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 122.25 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 11.25 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Անտառների վերահսկողության աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 111 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում իրականացվել է վարչական վարույթ: Ապօրինի խեցգետնի որսի 1 դեպքի համար 1 ֆիզիկական անձ ենթարկվել է 50 հազար դրամ.գումարով վարչական տուգանքի: Առգրավված 5կգ խեցգետինը Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ: Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում առգրավվել է տիրազուրկ 8 հատ ձկնորսական ցանց, 58 հատ /17.5կգ/ սիգ տեսակի ձուկ: Ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված 2 դեպքի համար իրավախախտների նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում առգրավված 42 հատ սիգ տեսակի ձուկը հանձնվել է թիվ 141 գիշերօթիկ հանրակրթական մանկապարտեզ:
Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 972 հազար դրամ գումար:





