ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկի Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մամուլում շրջանառվող լուրերին, թե ինքը արգելել է կուսակցության անդամներին, այդ թվում՝ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, լրատվամիջոցների հետ ակտիվ շփվել և հայտնեց, որ իրենք խմբակցության նիստ են հրավիրել ու անդրադարձել են նաև այդ լուրերին:
«Առաջինը՝ ոչ մի ղեկավար իրավունք չունի իր թիմակիցներին արգելելու, նա իր թիմակիցներին պետք է հարգի, լսի, որ ճիշտ որոշումներ կայացնի: Երկրորդը՝ Նաիրա Զոհրաբյանի հետ կապված, ամբողջ Եվրապառլամենտում, եթե դուք ուշադիր հետևում եք նրա գործունեությանը, նրա նվիրվածությունը. նա Հայաստանի, Ղարաբաղի հետ կապված մեծ աշխատանք է կատարում: Ես կցանկանայի, որ մեր խորհրդարանում Նաիրա Զոհրաբյանի նման պատգամավորները շատ լինեն, ազգի նվիրյալներ, ովքեր մտածում են մեր երկրի, ազգի, պետականության մասին, պայքարում են»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:





