AM
10 Հունիս 2013 - 08:34 AMT

Ծառուկյանը՝ ԲՀԿ-ի արձակուրդ գնալու մասին. Ժողովրդի խնդիրները կարգավորված չեն, որ գնան արձակուրդ

Քաղաքական կառույցը, կուսակցությունը, որը պարտավորություն է կրում ժողովրդի, իր ընտրողների առաջ, արձակուրդ գնալու իրավունք չունի, կարծում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Ինձ թվում է՝ դեռ ժողովրդի բոլոր խնդիրները կարգավորված չեն, որ այդ պատասխանատու մարդիկ գնան արձակուրդ: Մենք աշխատում ենք: Միշտ պատգամավորներին ասում եմ, որ նրանք պետք է կարողանան ժողովրդի հետ շփվել, ով որ տարածքում բնակվում է, որ տարածքում պատասխանատու է, ժողովրդի մատից կարողանա փուշ հանել, ժողովրդին լսել, հարցը բարձրացնել, խնդիրը լուծել»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով այն կարծիքին, թե ԲՀԿ-ն շատ պասիվ է դարձել:

Նա տեղեկացրեց, որ իրենք կառուցվածքային, ծրագրային փոփոխություններ կատարելու համար աշխատանքային խումբ են ստեղծել, իսկ արդյունքների մասին կհայտնեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: