AM
10 Հունիս 2013 - 09:28 AMT

ԲՀԿ ղեկավարը՝ Գորիսի միջադեպի մասին. Կորուստ է եղել, որը ցավալի է բոլոր կողմերի համար

Գորիսում տեղի ունեցած միջադեպը «Բարգավաճ Հայասատան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը շատ ցավալի է համարում երկրի համար: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ անհրաժեշտ է համբերատար սպասել, որ իրավապահ մարմինները քննություն կատարեն: «Կորուստ է եղել, որը ցավալի է բոլոր կողմերի համար: Կան տուժողներ, վկաներ: Պարտադիր պետք է պատժել, որ նման դեպք այլևս չկրկնվի»,- ասաց ԲՀԿ ղեկավարը:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, երեկոյան, Սյունիքի մարզպետ Սուրի Խաչատրյանի` Գորիսի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հունիսի 3-ին Սուրեն Խաչատրյանը հաղորդագրություն էր տարածել, որտեղ հայտնել էր, որ թողնում է մարզպետի լիազորությունները. «Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում և Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»,-ասված էր հաղորդագրության մեջ:

Հունիսի 6-ին կառավարությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը, որոշում էր ընդունել Սուրեն Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Նախագահ Սերժ Սարգսյանն էլ նույն օրը վավերացրեց ՀՀ կառավարության որոշումը՝ Սուրեն Խաչատրյանին իր դիմումի համաձայն ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին: