Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ միավորված ընդդիմադիրների «Ազգային խորհուրդը» և միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովը չեն կարողանա լուրջ մրցակցություն ստեղծել: Կարծիքն ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանինն է: Այսօր ասուլիսի ժամանակ նա հիմնավորեց այն.«Սոցիալական ցանցերում, ադրբեջանական բլոգերում գրառումներն այնքան էլ նրանց օգտին չեն: Նույնիսկ լայնորեն շրջանառվում է տեսակետը, թե «Ազգային խորհուրդը» պսեվդոընդդիմություն է` մրցակցային ընտրությունների իմիտացիայի նպատակով Ալիևի նախաձեռնությունը: Ռուստամ Իբրահիմբեկովին էլ ադրբեջանցիները միանշանակ չեն ընդդունում»: Նման տրամադրությունները, իհարկե, ձևավորվել են նաև իշխանության և իշխանությանը սպասարկող լրատվամիջոցների լուրջ քարոզչության, քննադատության արդյունքում: «Շրջանառության մեջ է դրվել նույնիսկ Ռուստամ Իբրահիմբեկովի հայամետ, հայապաշտ լինելու մասին տեղեկություն, թե տեսեք, ընդդիմությունը հայերին սիրում է, հայերի հետ ընկերություն է անում»:
Զուգահեռելով Ադրբեջանում ներքաղաքական զարգացումները և Լեռնային Ղարաբաղի հարցը, ադրբեջանագետը նշեց.«Եթե այնուամենայնիվ Ադրբեջանում իրադարձությունները զարգանան Ալիևի նախատեսածից այլ սցենարով, իրավիճակը նրա վերահսկողությունից դուրս գա և իշխանությունը կորցնելու իրական վտանգ լինի, հնարավոր է, Ալիևը դիմի փոքրիկ ավանտյուրայի և լոկալ ռազմական գործողություններ սկսի Արցախի դեմ»:
Իսկ իրավիճակն Ալիևի վերահսկողությունից կարող է դուրս գալ նաև Ադրբեջանի տարածքի բնիկ ազգերի ընդդիմադիր կեցվածքի հետևանքով: Ինչքան իշխանությունն այս հարցը փորձում է շրջանցել, այնքան ընդդիմադիրների ցույցերին նրանց մանակցությունն ակտիվ է դառնում: «Արցախից «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի հեռարձակումը կարել է ազգային գիտակցությունը զարգացնելու խթաններից մեկը համարել` ուղղված ամենամեծ բնիկ ազգերից մեկին: Իսկ մյուսները, սա տեսնելով, հետևություններ են անում»,- ասաց ադրբեջանագետը:
Այնուամենայինվ Ադրբեջանի գործող նախագահի առաջադրվելուն Արևմուտքն իր համաձայնությունը տվեց.«Երբ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան հայտարարեց, որ իրենց համար միևնույն է, թե ով կլինի Ադրբեջանի նախագահը: Ստացվում է, որ ժողովրդավարների համար միևնույն է, որ նույն անձը 3-րդ անգամ է առաջադրվում: Հետևություն` Արևմուտքին հետաքրքրում է միայն Ադրբեջանում կայությունը, որպեսզի նավթն ու գազը չդադարեն հոսել»:
Գազի մասին. Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևի հայտարարությունը, թե պատրաստ են ադրբեջանական գազը համեմատաբար էժան գնով վաճառել Հայաստանին, ադրբեջանագետի խոսքով, Ալիևի հերթական քայլն է` 2 ուղղությամբ. «Նախ միջազգային հանրությանը մարդասերի դիրքերից ներկայանալու, ապա Ռուսաստանին հասկացնելու, որ ԱՊՆԸ պատրաստ է Գազպրոմի հետ լուրջ մրցակցության»:
Իսկ Ալիևի հետ լուրջ մրցակցության պատրաստ է Ալիևան: «Նա ակնհայտ ցույց է տալիս, որ չի բավարարվի առաջին տիկնոջ դիրքով և հավակնում է ավելի լուրջ քայլերի: Եթե Մեհրիբան Ալիևան մի օր դառնա նախագահ, Ադրբեջանի ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ չեն լինի: Միայն հեռուստացույցով ավելի հաճախ Ալիևից գեղեցիկ դեմք կտեսնենք», – ասաց Սարգիս Ասատրյանը:





