Պետք է պատժել բոլոր թալանչիներին և յուրացնողներին, ովքեր լափում են բյուջեի փողերը: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խիստ զայրացավ ու զարմացավ, երբ ԱԺ ամբիոնից ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց իրենց արձանագրած կոպիտ խախտումներն ու յուրացումները՝ չնշելով, թե արդյոք այդ մարդիկ պատասխանատվության ենթարկվել են, թե՝ ոչ:
«Այս հաշվետվությունից ես զարմացած եմ, ստացվում է, որ մենք գործ ունենք թալանչիների և յուրացնողների հետ: Այդ չինովնիկների գործերը պետք է ուղարկել դատախազություն, բացի այդ նույն թերացումները, նույն յուրացումները կրկնվել են: Ստացվում է, որ որոշ մարդիկ լափում են բյուջեի փողերը»,- ասաց նա և Իշխան Զաքարյանից հետաքրքրվեց, թե երբ քննարկումներ են լինում այդ խախտումներն իրականացնողների հետ, ի՞նչ պատասխան են ստանում:
«Պատասխանը մեկն է լինում. բոլորն ընդունում են մեր արձանագրած խախտումները: Եղել է բացառության երկու դեպք` առաջինը վերաբերում է «Ջրային տնտեսության պետական կոմիտե»-ին, որը չի ընդունել, որ նախագծերը փորձաքննություն չեն անցել և երկրորդը խնդիրը, որը նույնպես եղել է «Ջրային տնտեսության պետական կոմիտե»-ի կողմից վերաբերել է Վարդենիս-Գավառ-Մարտունի մաքրման կայաններին, պարզվել է, որ սարքերը եղել են թուրքական արտադրության, սակայն պետք է լինեին գերմանական արտադրության»,-ասաց Զաքարյանը: Նա հայտնեց, որ ՀՀԿ-ի հետ քննարկել են բոլոր խնդիրները, իսկ վարչապետի հանձնարարությամբ բոլոր խախտումների պատասխանները տեղադրված են կառավարության կայքում: «Վերջում վարչապետն ասել է, որ շնորհակալ է մեր կատարած աշխատանքի համար»,- ասաց Իշխան Զաքարյանը:
Նա հայտնեց, որ կան պատասխաններ, որոնք կարելի է համարել ընդհամենը պատասխան. «Օրինակ մենք ասում ենք, որ բիոզուգարանների հետ կապված ծախսն անարդյունավետ է, որի պատասխանն այն է, որ մեկը աշխատում է մեկը` չի աշխատում»: Նա նշեց, որ պատժելիության առումով այն, ինչ կատարվում է, դեռևս բավարար չէ, բայց կարծում է, որ այս ամեն ինչի մասին բարձր խոսելը, այսօրվա իշխանության դիրքորոշումն է, ինչը ուղղելու համար է արվում:
Հովիկ Աբրահամյանն արձագանքեց, եթե հայտնաբերել են թերություններ, պետք է պատժվեն: «Անփոխարինեի մարդ կա՞: Ես կարծում եմ, որ սա լուրջ հետևանքներ պիտի ունենա, և պիտի ազատվենք այն մարդկանցից, ովքեր զբաղված են թալանով: Հակառակ դեպքում ժողովրդի մոտ այնպիսի տպավորություն կստեղծվի, թե այս խախտումները անպատիժ են մնալու: Կառավարությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ»,- եզրափակեց ԱԺ նախագահը:





