ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի գարնանային նստաշրջանն ավարտված է: Երկրում գործող բոլոր հիմնական քաղաքական ուժերն ընդգրկող խորհրդարանն այս նստաշրջանում աչքի ընկավ ընդդիմադիր պատգամավորների սուր քննադատություններով և բուռն քննարկումներով: Իշխող մեծամասնությունն էլ իր հերթին երկրի թիվ մեկ ամբիոնն օգտագործեց իր ընդդիմախոսներին հակադարձելու և սեփական դիրքորոշումն առաջ տանելու համար:
Այս նստաշրջանում էլ հնչեցին միմյանց ուղղված մեղադրանքներ, հաճախ դրանք հասան փոխադարձ վիրավորանքների: ԱԺ վեց խմբակցությունների գործունեությունն այս նստաշրջանում թվերով ամփոփել է Parliamentmonitoring.am-ը: Այսպես` Հանրապետական խմբակցությունը խորհրդարանի օրակարգում դրված և քննարկված օրինագծերի մեծամասնությանը կողմ է քվեարկել` 85,81%, դեմ` 0,97%, ձեռնպահ` 0,16% և չի քվեարկել 4,27%:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն օրինագծերին քվեարկել է կողմ 44,55%, դեմ` 3,69%, ձեռնպահ` 15,74% և չի քվեարկել` 15,73%:
«Ժառանգություն» խմբակցությունը խորհրդարանում քննարկված օրինագծերին քվեարկել է կողմ 39,52%, դեմ` 17,88%, ձեռնպահ`19,13% և չի քվեարկել` 5,01%:
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը օրինագծերին քվեարկել է կողմ 15,89%, դեմ` 23,67%, ձեռնպահ`41,78% և չի քվեարկել` 4,22%:
«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունը խորհրդարանում քննարկված օրինագծերին քվեարկել է կողմ 28,10%, դեմ` 22,06%, ձեռնպահ`17,86% և չի քվեարկել` 9,76%
Իշխող կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» խմբակցությունը ևս օրինագծերի մեծամասնությանը քվեարկել է կողմ` 89,53%, դեմ` 0,83%, ձեռնպահ`0,28% և չի քվեարկել` 5,10%
Խմբակցություններում չընդգրկված երկու պատգամավորները քվեարկել են այսպես` կողմ` 62,22%, դեմ` 3,06%, ձեռնպահ`5,56% և չեն քվեարկել` 0,28%:
Նշենք, որ օրենսդիրը դեռ չքննարկած օրինագծեր ունի և հունիսի 17-ին արտահերթ նիստ է հրավիրելու:





