AM
18 Հունիս 2013 - 08:12 AMT

Զոհրաբյանը` եթե-ների և Ծառուկյանի` վարչապետ նշանակվելու մասին. Կիկոսի մահն ընդունելի տարբերակ չէ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որևէ քաղաքական պատճառ չի տեսնում իշխող կոալիցիայի մաս կազմելու համար, վստահեցնում է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհարբյանը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե ԲՀԿ-ն աշնանը հնարավոր է վերադառնա կոալիցիա, իսկ Գագիկ Ծառուկյանը նշանակվի վարչապետ, Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այն խնդիրները որոնք իրենք մատնանշել են չփոխված կառավարության գործունեության հետ կապված, մնում են ուժի մեջ, և ԲՀԿ քաղաքական օրակարգում նման հարց չկա: «Քաղաքականության մեջ Կիկոսի մահն ինձ համար ընդունելի տարբերակ չէ. եթե այսպես լինի, եթե այնպես լինի… թողնենք քաղաքական գործընթացներն իրենց հունով զարգանան»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Ավելացնենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` աշնանը սպասվող ներքաղաքական վերադասավորումների կոնտեքստում հնարավոր է համարվում ինչպես ԲՀԿ-ի վերադարձը կոալիցիա, այնպես էլ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նշանակումը վարչապետի պաշտոնում և հենց այդ հանգամանքով են ոմանք բացատրում ԲՀԿ-ականների՝ վերջին շրջանում դրսևորվող բավական զուսպ վերաբերմունքն իշխանության նկատմամբ:

«ԲՀԿ-ի վերադարձը կոալիցիա կարող է լուծել մի շարք աշխարհաքաղաքական հարցեր: Նոյեմբերին տեղի է ունենալու Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի գագաթաժողովը, որտեղ Հայաստանը պետք է ստորագրի Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը: Դա, ըստ էության, կարող է դիտվել որպես հրաժեշտ Եվրասիական միությանը: Բայց եթե ԲՀԿ-ն դառնում է կառավարող կոալիցիայի անդամ, իսկ Գագիկ Ծառուկյանը վարչապետ, ապա կարելի է սպասել ճիշտ հակառակին, հրաժեշտ Եվրոպական ինտեգրացիային և կանաչ ճանապարհ՝ դեպի Եվրասիական միություն»,- այսօրվա համարում գրել է «168 ժամ» օրաթերթը: