AM
18 Հունիս 2013 - 08:48 AMT

Նախարար. ՎՊ-ն պետք է զերծ մնա քրեկադատավարական գնահատականներ տալուց, մնացածը իր խնդիրն ու գործը չէ

Վերահսկիչ պալատի հաշվետվությունը Ազգային ժողովում քննարկվում է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի ընթացքում, ինչը նշանակում է, որ կառավարությունը ոչինչ թաքցնելու ցանկություն չունի և փաստում է կառավարության գործունեության թափանցիկության մասին: Այսօր ԱԺ-ում արտահերթ ելույթի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա ընդգծեց, որ նմանատիպ զեկույցները գալիս են օգնելու կառավարությանը` խնդիրները վերահանելու համար և լուծումներ գտնելու համար:

«Վերահսկիչ պալատը` որպես վերհսկիչ գործիք խիստ անհրաժեշտություն է: ՎՊ-ն ոչ մի պարագայում չի կարող փոխարինել ոստիկանությանը, դատախազությանը: Այն ընդամենը այդ մարմինների համակարգում մի մաս է, գալիս է դրանց լրացնելու: ՎՊ-ն կառավարության գլխավոր դաշնակիցն է, վերհանված խնդիրների լուծման առումով: Ոլորտում առկա են խնդիրներ, որոնց չլուծումը չարորակ ուռուցքի պես կարող է վտանգել մեր ողջ պետական համակարգը և օրգանիզմը»,- ասաց նախարարը և նկատեց, որ լուծումնեն այդքան պարզ չեն, դրանք ոչ միայն օրենսդրական են, այլ շատ ավելի խորքային:

Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ լուծումները յուրաքանչյուրի մտածողության փոփոխության մեջ է. «Մտածողություն, որի պարագայում պետական պաշտոնը հարստանալու ճանապարհ չէ: Մտածողություն, որի պարագայում սեփական լուման պետական բյուջեի մեկ միլիոնից ավելի թանկ չէ: Մտածողության փոփոխություն, որ սա մեր հայրենքին է և յուրաքանչյուրն իր բարգավաճումը պետք է կապի երկրի հետ»:

Նախարարը հատուկ շնորհակալություն հայտնեց ընդդիմադիր այն պատգամավորներին, ովքեր չփորձեցին պահն օգտագործել ու ձեռքերը տաքացնել, ովքեր հասկացան, որ խնդիրները համակարգային են ու դրանց լուծմանը նպաստելու պատրաստակամություն հայտնեցին: «Այս օրերին այստեղ թելի պես անցնում էր` իսկ հետո՞: Հնչեցին մեղադրանքներ, վերհանվեցին փաստեր: Իսկ հետո ի՞նչ է արվելու: Կարծես փակուղային վիճակ էր»,- ասաց նախարարն ու նշեց, որ ՎՊ-ի զեկույցը հաշվետվություն է Ազգային ժողովին, իսկ հաշվետվության մեջ կային քրեկադատավարական եզրահանգումներ ու գնահատականներ, որոնք վերապահված են ոստիկանությանը, դատախազությանը և դատարանին: «Ես կարծում եմ, որ ՎՊ-ն պետք է զերծ մնա նման գնահատականներ տալուց, մնացածը իր խնդիրն ու գործը չէ, քանի որ այս դեպքում պալատը խոցելի կդառնա: Իսկ մենք չենք ցանկանում խոցելի վերահսկիչ պալատ ունենալ»,- ասաց Հրայր Թովմասյանը: Նա ընդգծեց, որ խիստ կարևոր է վստահության մթնոլորտի առկայությունը:

Ավելացնենք, որ Վերահսկիչ պալատը ներկայացրել է 2012 թվականի իր տարեկան հաշվետվությունը, որով բազմաթիվ խախտումներ և բացթղումներ է արձանագրել: