Երեկ ոստիկանությունում որոշում է կայացվել դեռևս 2012թ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավել գործարար Աշոտ Սուքիասյանին: Քանի որ նրա գտնվելու վայրը անհայտ է, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեցին ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Աշոտ Սուքիասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն), 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելը):
Աշոտ Սուքիասյանի անունը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ հրապարակվեց տեղեկատվություն ըստ որի՝ նրանք Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերեր են:





