Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը բավական ակտիվ էր, կարծում է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Ամփոփելով նստաշրջանի աշխատանքները, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հեղինե Բիշարյանը կարևորեց 2012 թվականի պետական բյուջեի կատարողականի և 2012թ.-ի Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումները, ինչպես նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» և մի քանի այլ օրինագծերի ընդունումը:
«Օրինաց երկիր» խմբակցությունը` գարնանային նստաշրջանում
ՕԵԿ պատգամավորների ներկայացրած երկու նախագծեր այս նստաշրջանում երրորդ ընթերցմամբ հաստատվեցին, նկատեց պատգամավորը: «Կանանց և տղամարդկանց իրավունքների և հավասար պայմանների մասին» օրենքի նախագիծը և «Գրադարանների մասին» օրենքի նախագիծը մենք կարողացանք հաստատել ԱԺ կողմից: Բազմաթիվ նախաձեռնություններ եղան, օրենքների մեջ փոփոխություններ կատարելու մասին նաև: Մենք բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակեցինք»,- ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավարը:
Քաղաքական բանավեճեր ու քննարկումներ
Հեղինե Բիշարյանի բնորոշմամբ` վերջին շրջանում քննարկումները բավական ակտիվ են և բուռն: «Ընդդիմություն և իշխանություն սահամանը չէր տարանջատվում, բոլոր քաղաքական ուժերն ակտիվ քննարկում էին նախագծերը, քննադատություններ էին հնչեցնում և արդարացիորեն բարձրացնում էին խնդիրներ, որ կան համակարգում»,- ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավարը և ընդգծեց, որ սա կարևոր առաջընթաց է: Նա նշեց, որ միշտ ստացվում էր այնպես, որ իշխանությունը պաշտպանվողի դերում էր, իսկ ընդդիմությունը` նախահարձակի:
«Շատ կարևոր է, որ այսօր բոլորն են գիտակցում, որ մենք ունենք խնդիրներ: Անխտիր բոլոր կուսակցությունները գիտեն, որ դրանք օրհասական են և անհրաժետ է, որ լուծումներ ստանան»,- շեշտեց նա: Հեղինե Բիշարյանը նկատեց, որ խնդիրները քողարկելու ժամանակաշրջանն անցել է: «Նման քննարկումները հետաքրքիր են դարձրել ԱԺ աշխատանքները»,- եզրափակեց ՕԵԿ խմբակցության ղեկավարը:





