Վերահսկիչ պալատի հաշվետվությունը առանձին հանգույցներում կարող է կոշտ դիտարկումների արդյունք դառնալ։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա ընդգծեց, որ ԱԺ-ում այս մասին տեղի ունեցած քննարկումները բավական լուրջ հետևանքներ կունենան: «Այստեղ ռիսկային շատ գոտիներ են մատնանշվում, կառավարությունն էլ, բնականաբար, պետք է իր տեսակետը հայտնի: Մենք երբ ասում ենք լուրջ հետևանքներ, հասկանում ենք ինչ-որ մեկին գլխատել և այլն»,- ասաց նա և նշեց, որ պատասխան տալը, չի նշանակում, որ անպայման մեկին պետք է գլխատել, գործից հանել. «Պետք է դաշտ ստեղծել, որ նման երևույթներ չլինեն»:
Նա նկատեց, որ որևէ քաղաքական թիմ ամբողջական կարծիք չի ներկայացրել, քննարկումները շարունակվում են: Գալուստ Սահակյանը շեշտեց, որ այն գործերը, որոնք իրավական դաշտում քննության անհրաժեշտություն կունենան, կներկայացվեն իրավապահներին։
Գալուստ Սահակյանը չարաշահումների մասին խոսելիս հիշեց ժողովրդական ասացվածքը՝ «Եթե գողը տնից չլինի, եզը երթիկից դուրս չի գա»: «Տվյալ դեպքում դա տեղին չէ: Հիմա այնքան խառն է ամեն ինչ, որ համ գողն է տնից, համ եզը»,- ասաց նա:
Անդրադառնալով հնարավոր պաշտոնանկություններին և վարչապետի հրաժարականի մասին պահանջներին, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ նորանկախ Հայաստանի ստեղծման օրից ցանկացած վարչապետի պաշտոնանկության մասին խոսվել է. «Մենք չենք ուզում ընդհանուր դաշտը բաժանել յուրայինների և ոչ յուրայինների, հանցագործը պետք է պատժվի, եթե կան մեղադրանքներ, ուրեմն կամ դրանք պետք է հերքվեն, կամ հաստատվեն, մենք այդ ճանապարհով ենք գնում»:
Նա շեշտեց, որ ԱԺ-ն և կառավարությունը հետամուտ են լինելու, որպեսզի բարձրաձայնված խնդիրները անհետևանք չմնան:





