Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավարությունը: Ամբաստանյալ Աամվել Հարությունյանն իր ցուցմունքում հայտնեց, որ վաղուց էր ուզում Վարդան Սեդրակյանին վատություն անել և վաղուց քեն էր պահել նրա նկատմամբ:
Նա նշեց, որ Սեդրակյանին ճանաչում է 2011 թ.-ից, նրա մոտ շինարարության վրա է աշխատել, և միշտ Սեդրակյանը պայմանավորված գումարից պակաս է վճարել: «Որոշեցի, որ նենց մարդու մի բան անել, որ աղմուկ բարձրանա: Պարույր Հայրիկյանն էլ կարար չլիներ, ուրիշ մարդ լիներ, ուղղակի նա հայտնի մարդ էր: Խաչիկ Պողոսյանին ասեցի, որ սենց բան պետք է արվի, բայց չեմ մանրամասնել՝ ում, ոնց»,- ասաց ամբաստանյալը և ավելացրեց, որ դեկտեմբերին Սեդրակյանից գումար է ուզել, նա քիչ է տվել, հետո հունվարի մեջ որոշել է, որ մի բան պետք է անի, որ ստանա իր պակաս ստացած աշխատավարձը: Նա նշեց, որ չեն ցանկացել զենքով վախեցնել: «Որոշել էի Հայրիկյանին պուգաչով վախեցնել, բայց չգտա: Քանի որ գիտեի, որ Խաչիկի մոտ զենք կա, որոշեցի զենքով վախեցնել: Փակել էինք, դեմը շիշ էինք դրել, որ ձայնը չլսվի: Երբ Խաչիկը կպավ, ես ասացի, որ եթե մեզ բռնեն, կասենք Վարդանն է ասել, տենց էլ պայմանավորվել էինք»,- ասաց նա և հրաժարվեց որևէ հարցի պատասխանել:
Դատավորի մի քանի հարցերից հետո նա ասաց, որ Սեդրակյանն իրեն մոտ հինգ հազար դոլար է պարտք եղել: Դատախազը միջնորդեց հրապարակել Սամվել Հարությունյանի բոլոր նախաքննական ցուցմուքնները, դատարանը բավարարեց միջնորդությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել:
Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առաջադրվելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի ընթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուի` քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը` նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այդ նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին Վարդան Սեդրակյանը տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։
Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1995-1996թթ. ՀՀ Բագրատաշեն համայնքի տարածքում քննությամբ չպարզած անձից ապօրինի կերպով ձեռք է բերել 1941թ. գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ և այդ ատրճանակից կրակելու համար նախատեսված` 9 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, մինչև 2013թ. հունվարի 31-ը դրանք ապօրինի կերպով պահել է տանը:
Սամվել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր ընկերոջ` Խաչատուր Պողոսյանի հետ, Հայաստանի Հանրապետության նախագահի` 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից 2013թ. հունվարի սկզբներին ստանալով պատվեր` «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, տվել են իրենց համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար:





