AM
24 Հունիս 2013 - 10:25 AMT

Սոցիոլոգ. Ինչ-որ մեկը մուռ հանելու նպատակով վարչապետի և Կճոյանի անունով ընկերություն է գրանցել

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը չի հավատում, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը օֆշորային գոտում ձեռնարկություն կարող է բացած լինել: «Ինչ-որ մեկը մուռ հանելու և վրեժ լուծելու նպատակով վարչապետի ու Կճոյանի անունով ընկերություն է գրանցել: Վարչապետը շատերին դուր չի գալիս, նա չուզողներ ունի և ընդդիմության, և իշխանության մեջ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սոցիոլոգը: Ադիբեկյանը հայտարարեց, որ թե վարչապետին, թե Կճոյանին անձամբ ճանաչում է, երկուսն էլ բարձր բարոյական նկարագիր ունեցող անհատներ են և նման բան չէին անի:

Ասուլիսին ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Նա ասաց, որ ինքը հակառակ կարծիքի է: «Սկանդալի հետ կապ ունեն վարչապետն ու հոգևորականը, որի վառ ապացույցը Աշոտ Սուքիասյանի նամակն է: Զավեշտալին այն է, որ սկանդալի կենտրոնում հոգևորականն ու վարչապետն են, բայց նրանք հրաժարական չեն տալիս ու անգամ ներողություն չեն խնդրում հասարակությունից, ավելին` այդ պաշտոնյաների հետ է կապվում հայ գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկումը»,- ասաց նա:

Ստյոպա Սաֆարյանը համաձայն չէ կարծիքի հետ, թե դա արվել է Տիգրան Սարգսյանի անունը մրոտելու համար. «Եթե անգամ դատախազությունը ոչինչ չպարզի, սա մեծ բիծ է Տիգրան Սարգսյանի կարիերայի վրա»: Ստյոպա Սաֆարյանի բնորոշմամբ` այս ամենն ինչ-որ չափով ձեռնտու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ Բաղրամյան 26-ից ոչ մի արձագանք չեղավ: «Հասարակության մեջ անընդհատ խոսվում է Սերժ Սարգսյանի ունեցվածքի մասին, իսկ մնացածը սրբեր են ներկայանում, բացի այդ` նախագահը սրա միջոցով կարողանում է վերահսկել պաշտոնյաներին»,- ասաց նա:

Ահարոն Ադիբեկյանը Ստյոպա Սաֆարյանի խոսքերը դեմագոգիա է համարում. «Դատախազությունը պետք է պարզի ամեն ինչ: Եթե հաստատվի, որ Տիգրան Սարգսյանն իրոք կապ ունի այս սկանդալի հետ, նա պետք է հրաժարական տա»: