AM
24 Հունիս 2013 - 11:08 AMT

GALLUP. Հայաստանցիների 59%-ը ցանկություն է հայտնել ամրապնդել կապերը Ռուսաստանի հետ

Հայաստանցիների 61 տոկոսը Մաքսային միությանը դրական է վերաբերում, 26 տոկոսն անտարբեր է և միայն 4 տոկոսն է դեմ կառույցին: Սրանք GALLUP International association-ի` Եվրասիական զարգացման բանկի պատվերով անցկացրած հետազոտության արդյունքներն են, որին ԱՊՀ բոլոր երկրներից 13 հազար մարդ է մասնակցել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց հետազոտության արդյունքները։ Նա նշեց, որ հարցին՝ «ո՞ր երկրների ապրանքները կցանկանայիք գնել, ո՞րին եք ավելի շատ վստահում», հայաստանցիների 28 տոկոսը նշել է նախկին սովետմիության երկրները՝ հատկապես Ռուսաստան, «ո՞րտեղից կուզենայիք, որ ներդրումներ լինեին ձեր երկրում» հարցին ևս 43 տոկոսը պատասխանել է` Ռուսաստան։Հարցրվածներից 92 տոկոսը նշել է ՀՀ ընկերներ պետություններն են ԽՍՀՄ երկրները՝ գերակշռողը՝ Ռուսաստան, 46 տոկոսը եվրոպական երկրներ, 17 տոկոսն՝ այլ երկրներ։ Թշնամի երկրներ հարցվածները համարել են ԽՍՀՄ երկրներ` ՝ 96 տոկոս, որից 94 տոկոսն Ադրբեջանի մասին է խոսքը, 73 տոկոսը նշել է Թուրքիա։

Հարցին՝ «ումից կարելի է ռազմական օգնություն ստանալ», հայերի 88 տոկոսը դարձյալ նշել է Ռուսաստան։ Ըստ սոցհարցման՝ հայաստանցիների 59 տոկոսը ցանկություն է հայտնել միանալ Ռուսաստանին, այսինքն՝ ամրապնդել կապերը Ռուսաստանի հետ։

«Այն, որ Հայաստանի բնակչության 59%-ը ձգտում է միավորվել ռուսասատանյան տարբեր կառույցներին, նորմալ է, քանի որ դեռ մի բան էլ նվազման միտում է արձանագրվում անկախության առաջին տարիներին ՀՀ բնակչության տրամադրությունների հետ համեմատած»,- մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նա նշեց, որ այս թվերն անակնկալ ցուցանիշներ չեն: Անդրադառնալով ինտեգրման հարցում Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը, քաղաքագետը հայտարարեց. «Մեզ կարգելեն Լեռնային Ղարաբաղի հետ ազատ առևտուր անել: Ու եթե Ռուսաստանի դեպքում կարող ենք ասել, որ աչքաթող են անելու, ապա ԵՄ-ի դեպքում դա չի անցնի»:

Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ Հայաստանը շատ չի կարող մանևրել, և մեկ տարի հետո մեր իշխանությունները պետք է հստակեցնեն, թե դեպի որ կողմ են գնում։