AM
24 Հունիս 2013 - 11:24 AMT

Վարդան Սեդրակյանի փաստաբանը միջնորդեց գրավի դիմաց ազատ արձակել նրան

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավարությունը:

Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը միջնորդեց գրավի դիմաց ազատ արձակել Վարդան Սեդրակյանին: «Բացակայում են Վարդան Սեդրակյանի մեղադրման հիմքերը և չկա որևէ ապացույց, որ Սեդրակյանը կապ ունի պարոն Հայրիկյանի հետ տեղի ունեցածի հետ: Չեմ կարծում, որ Սեդրկայանի գրասենյակից հայտնաբերված թերթը, որի վրա կան խզբզոցնել, ապացույց է»,- ասաց փաստաբանը: Նա ընդգծեց, որ տուժողին պետք է, որ հետաքրքրեր, թե իրական հանցագործն ով: «Հետազոտված ապացույցները Սեդրակյանին որևէ կերպ չեն վերաբերում: Սեդրակյանը կալանավորված է ու ակնհայտ է, որ կալանավորված է անտեղի: Չկա նաև դատավարական անհրաժեշտություն Սեդրակյանին կալանքի տակ պահելու համար»,- ասաց նա:

Վարդան Սեդրակյանն իր հերթին հայտարարեց, որ իրեն ձերբակալել են մարտի 5-ին՝ խախտելով օրենք, քանի որ Սահմանադրական դատարանում դեռ չէր ավարտվել Րաֆֆի Հովհաննիսյանի հայցի քննությունը, որով վիճարկվում էր 2013թ.-ի նախագահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը: «Այլևս պատճառ չեմ գտնում նորից բանտ վերադառնալու: Վստահեցնում եմ, որ չեմ թաքնվի: Եթե ես փետրվարի 7-ին տեսա, որ կալանավորել են Սամվելին ու Խաչիկին, կարող էի չէ՞ փախուստի դիմել»,- ասաց մեղադրյալը:

Դատախազ Ամիրզադյանը առարկեց Սեդրակյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ փաստաբան Սիրունյանի միջնորդությունը: Հայրիկյանի փաստաբանը դեմ չէր դրան: Պարույր Հայրիկյանն էլ հայտարարեց, որ սկզբունքորեն համաձայն է իր փաստաբանի դիրքորոշման հետ, բայց նշեց, որ իր մտահոգությունը, թե սա ծրագրված և լայնամասշտաբ լինելու գործ է, չի փարատվել: «Ես կուզեի, որ նախնական կալանքը երեքի նկատմամբ էլ հանեին, մյուս երկուսի համար ես եմ միջնորդում», – հայտարարեց Հայրիկյանը:

Դատարանը հեռացավ քննարկելու միջնորդությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել:

Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առաջադրվելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի ընթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուի` քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը` նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այդ նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին Վարդան Սեդրակյանը տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։

Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1995-1996թթ. ՀՀ Բագրատաշեն համայնքի տարածքում քննությամբ չպարզած անձից ապօրինի կերպով ձեռք է բերել 1941թ. գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ և այդ ատրճանակից կրակելու համար նախատեսված` 9 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, մինչև 2013թ. հունվարի 31-ը դրանք ապօրինի կերպով պահել է տանը:

Սամվել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր ընկերոջ` Խաչատուր Պողոսյանի հետ, Հայաստանի Հանրապետության նախագահի` 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից 2013թ. հունվարի սկզբներին ստանալով պատվեր` «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, տվել են իրենց համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար: