AM
24 Հունիս 2013 - 13:17 AMT

ՀՀ և ՌԴ ԱԱԽ քարտուղարները համագործակցության ծրագրում ներառված հարցերի լայն շրջանակ են քննարկել

Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը կայացել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը:

Արթուր Բաղդասարյանի և Նիկոլայ Պատրուշևի առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհուրդների միջև ստորագրված համագործակցության ծրագրում ներառված հարցերի լայն շրջանակ: Առանձնակի անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական, անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքին, սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը, արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման, պետական ռեզերվի հայ-ռուսական համատեղ ենթակառուցվածքի, Գառնու դիտարանի վերագործարկման և վերազինման և այլ հարցերի:

Այնուհետև Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Պատրուշևը մեկնել են Գյումրու 102-րդ ռուսական բազա, որտեղ հանդիպել են Գյումրու սահմանապահ զորքերի հրամանատարության և 102-րդ ռուսական ռազմական բազայի ղեկավարության հետ: Քննարկվել է այս ենթակառուցվածքների հետագա կատարելագործման և զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Գյումրիում հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել 1855 թվականի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուս զինվորականների հիշատակի հուշարձանին: