AM
24 Հունիս 2013 - 13:37 AMT

Բյուրականի աստղադիտարանը առաջիկայում կգործի իր ողջ ծավալով

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն այցելել են Բյուրականի աստղադիտարան, շրջայց կատարել աստղադիտարանում: Նրանք ծանոթացել են Բյուրականի աստղադիտարանի համալիր արդիականացման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին և առկա խնդիրներին:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի և ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդների համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացվող Բյուրականի աստղադիտարանի համալիր արդիականացման ծրագրով նախատեսվում է վերաշահագործման հանձնել աստղադիտարանի ձևափոխված առաջատար երկու դիտակը, որոնք կրկին տարբեր չափանիշներով կդառնան լավագույններն աշխարհում: Դրանց կավելացվեն նաև «Պրոեկտ-Տեխնիկաի» պատրաստած 5 նոր, տարբեր տրամագծեր ունեցող դիտակներ` իրենց ժամանակակից ղեկավարման կենտրոնով:

Դրա շնորհիվ Բյուրականի աստղադիտարանը առաջիկայում կգործի իր ողջ ծավալով և կարևոր տեղ կզբաղեցնի երկրագնդի համար վտանգ հանդիսացող տիեզերական աղբի, գիսաստղերի և երկնաքարերի տեղաշարժերի միջազգային դիտարկման համակարգում: