AM
24 Հունիս 2013 - 14:19 AMT

Դատարանը մերժեց Վարդան Սեդրակյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը

Շուրջ 3 ժամ քննարկելուց հետո դատարանը մերժեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի միջնորդությունը:

Նշենք, որ այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավարությունը: Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը դատարանին միջնորդեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխել, իսկ դրա անհնարինության դեպքում խափանման միջոց ընտրել գրավը, և որպես գրավ ընդունել նրա ողջ անշարժ գույքը:

Դատախազ Ամիրզադյանը առարկել էր Սեդրակյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ փաստաբան Սիրունյանի միջնորդությունը: Հայրիկյանի փաստաբանը դեմ չէր դրան: Պարույր Հայրիկյանն էլ հայտարարել էր, որ սկզբունքորեն համաձայն է իր փաստաբանի դիրքորոշման հետ. «Ես կուզեի, որ նախնական կալանքը երեքի նկատմամբ էլ հանեին, մյուս երկուսի համար ես եմ միջնորդում»:

Հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 1-ին, ժամը 12:00-ին:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել:

Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առաջադրվելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի ընթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուի` քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը` նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այդ նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին Վարդան Սեդրակյանը տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։

Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1995-1996թթ. ՀՀ Բագրատաշեն համայնքի տարածքում քննությամբ չպարզած անձից ապօրինի կերպով ձեռք է բերել 1941թ. գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ և այդ ատրճանակից կրակելու համար նախատեսված` 9 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, մինչև 2013թ. հունվարի 31-ը դրանք ապօրինի կերպով պահել է տանը:

Սամվել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր ընկերոջ` Խաչատուր Պողոսյանի հետ, Հայաստանի Հանրապետության նախագահի` 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանից 2013թ. հունվարի սկզբներին ստանալով պատվեր` «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, տվել են իրենց համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար: