AM
24 Հունիս 2013 - 15:18 AMT

Համաշխարհային բանկը բարձր է գնահատում ԴԱՀԿ-ի հետ համագործակցությունը

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի պետական հատվածի կառավարման մասնագետ, «Դատաիրավական բարեփոխումներ» երկրորդ ծրագրի խմբի ղեկավար Դավիթ Մելիքյանին, Ծրագրի խմբի անդամներից՝ Գործառնությունների գծով ավագ մասնագետ Դեվիդ Բեռնշտեյնին, ՀԲ այլ ներկայացուցիչների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ավարտին մոտեցող «Դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը գոհունակություն է հայտնել ծրագրի շրջանակում իրականացված համատեղ աշխատանքի համար և նշել, որ Ծառայության զարգացման ճանապարհին մեծ է Համաշխարհային բանկի ներդրումը, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով:

«Ծրագիրը բավական արդյունավետ է, և կարող ենք արձանագրել, որ Ծառայությունը լուրջ հաջողությունների է հասել մի քանի ուղղություններով: Առաջին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման արդյունքում առանց հաստիքների ավելացման կարողացել ենք առավել արդյունավետ կերպով դիմակայել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած կատարողական վարույթների ծավալներին: Երկրորդ՝ տարիների վաղեմություն ունեցող «երկարաձգված» վարույթների քանակը նույնպես կրճատվել է»,- նշել է Միհրան Պողոսյանը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով ՀԲ-ին՝ Ծառայությանը ցուցաբերած օժանդակության համար:

Միհրան Պողոսյանը վստահեցրել է, որ «էլեկտրոնային վարույթ» ծրագիրը Ծառայությունում առաջիկայում ավարտուն տեսք կունենա, որի արդյունքում էլ պարզ կդառնան հետագա քայլերը:

Դավիթ Մելիքյանը բարձր է գնահատել ՀԲ-ի և ԴԱՀԿ-ի համագործակցությունը՝ այդ համատեքստում կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայությունում իրականացված բարեփոխումները և ձեռք բերած տպավորիչ արդյունքները:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը նշել է, որ Ծառայությունը որդեգրել է զարգացման ճկուն ռազամավարություն, այն է՝ ներդնելով միջազգային համանուն կառույցների հաջողված փորձը, և թե՛ ժամանակի, թե օրվա հրամայականով լուծում տալ առաջացող խնդիրներին: Այդ համատեքստում Միհրան Պողոսյանը կարևորել է ՏՏ ոլորտում Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի միջև վերջերս ստորագրված փոխըմբռնման հուշագիրը:

Դեվիդ Բեռնշտեյնը գոհունակություն է հայտնել Ծառայությունում «էլեկտրոնային վարույթ» համակարգի ներդրման և արդյունավետ կիրառման համար՝ հույս հայտնելով, որ Հայաստանի ԴԱՀԿ ծառայության փորձը ուսանելի ու պիտանի կլինի այլ երկրի համար: «Ինձ համար դժվար է նշել մի երկիր, որն այսպիսի հաջողությամբ նման համակարգ է կարողացել ներդնել: Հույս ունեմ, որ դուք ձեր փորձով կօգնեք մյուս երկրներին՝ նման համակարգ մշակելու և տեղադրելու հարցում»,-ասել է Գործառնությունների գծով ավագ մասնագետը՝ հավելելով, որ Համաշխարհային բանկի գլխավոր խնդիրներից մեկը՝ դատական ակտերի արագ կատարումն ապահովելն է:

Ավելացնենք, որ էլեկտրոնային հարցման ամբողջական ավտոմատ համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս կատարել էլեկտրոնային հարցում Պետական եկամուտների կոմիտեից, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից, առևտրային բանկերից, Սոցիալական ապահովության ծառայությունից, Անձնագրային և վիզաների վարչությունիվ և Կենտրոնական դեպոզիտարիա: