AM
24 Հունիս 2013 - 15:48 AMT

ԱԱԽ. Հայ-ռուսական պետական ռեզերվների գործակալությունը կունենա տարածաշրջանային նշանակություն

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր քննարկել են Հայաստանում հայ-ռուսական համատեղ պահուստների տարածաշրջանային ենթակառուցվածք (ԱրմՌոսգոսռեզերվ) ստեղծելու աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: ԱրմՌոսգոսռեզերվը կունենա տարածաշրջանային նշանակություն նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում: Այն կարևոր նշանակություն կունենա Հայաստանի պետական պահուստների համակարգի զարգացման տեսանկյունից:

Հայ-ռուսական պետական ռեզերվների գործակալության ստեղծումը պայմանավորված է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմարդյունաբերության համագործակցության մակարդակի ու արդյունավետության բարձրացմամբ, ինչն ամրագրված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մասին պայմանագրով:

Ենթակառուցվածքի ստեղծման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել նաև ռուսական պատվիրակության կազմում Հայաստան ժամանած ՌԴ պետական ռեզերվների Դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Պյոտր Եֆանովի և «Պետական ռեզերվների գործակալություն» ՊՈԱԿ-ի պետ Սերգեյ Շահինյանի միջև:

Քննարկումից հետո Պյոտր Եֆանովը և Սերգեյ Շահինյանը այցելել են ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն, շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: