AM
25 Հունիս 2013 - 12:33 AMT

Ներկայացվել են Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման սցենարները

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվեցին կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրի հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման, էկոնոմիկայի նախարարությունների, Ասիական զարգացման բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ: Նշենք, որ ՀՀ կառավարության և ԱԶԲ համագործակցությամբ իրականացվող ծրագրի նպատակը ոլորտի ազգային ռազմավարական տեսլականի սահմանումն ու պլանավորումն է, տարբեր գերատեսչությունների և ինստիտուցիոնալ կարողությունների համակարգման անհրաժեշտությունը:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման այն սցենարները, որոնք մշակվել են խորհրդատու թիմի կողմից: Փոխվարչապետը հանձնարարեց նյութերը տեղադրել Տարածքային կառավարման և Էկոնոմիկայի նախարարությունների կայքերում` հանրությանը հասանելի դարձնելու համար:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Տարածքային կառավարման և Էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներին հանձնարարվեց նաև ներկայացված լուծումների վերաբերյալ մեկ ամսվա ընթացքում քննարկումներ կազմակերպել շահագրգիռ պետական մարմինների, այդ թվում` Ազգային ժողովի, Վերահսկիչ պալատի, Հանրային խորհրդի, Կայուն զարգացման ազգային խորհրդի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, և քննարկումների արդյունքներով ՀՀ կառավարություն առաջարկություններ ներկայացնել իրականացվող ուսումնասիրությունների հետագա ընթացքի վերաբերյալ: