«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ուշադրությունը հրավիրելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի վրա:Տարածած հայտարարության մեջ Կուսակցությունը ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը համարում էնահանջ ռազմավարական գործընկերության հարաբերություններից:
«Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը զինտեխնիկա է մատակարարում Ադրբեջանին, դրանով իսկ, ըստ էության, նպաստելով Ադրբեջանի ռազմատենչ և պատերազմական գործողությունների միտված քաղաքականությանը:
Հարձակողական նշանակություն ունեցող ցամաքային սպառազինությունների մատակարարումը փաստացիորեն անտեսում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂ հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու` բազմիցս հայտարարված պատրաստակամությունը և ավելի հավանական դարձնում ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ հանդիսացող ՀՀ-ի հանդեպ ռազմական ագրեսիան` ՀԱՊԿ-ի մեկ այլ անդամ Ռուսաստանի տրամադրած զինտեխնիկայի հնարավոր կիրառման հաշվին: Մինչդեռ, 1997թ. ՀՀ և ՌԴ միջև կնքված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 3-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է, որ Կողմերը պարտավորվում են համատեղ ձեռնարկել իրենց համար բոլոր մատչելի միջոցները` խաղաղության դեմ սպառնալիքը վերացնելու համար:
Բազմիցս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև համանախագահող երկրների նախագահները կոչ են արել Ադրբեջանին և Հայաստանին դադարեցնել սպառազինությունը և ջանքերն ուղղել բանակցային սեղանի շուրջ լուծում գտնելու ուղղությամբ: Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանը հենց ինքն է նաև նպաստում Ադրբեջանի ռազմականացմանը: Ի վերջո, այդ ծավալի սպառազինությունների մուտքը կոնֆլիկտային տարածաշրջան խորացնում է լարվածությունը և միաժամանակ խոչընդոտում ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին: Ելնելով նշվածից` Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ՌԴ սույն քայլը դիտարկում է որպես նահանջ ռազմավարական գործընկերության հարաբերություններից և կոչ է անում ՀՀ իշխանություններին համապատասխան դիրքորոշում ցուցաբերել և դիտարկել Ադրբեջանին ցամաքային հարձակողական զինատեսակների մատակարարման ու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների համատեղելիության հարցը:
Միաժամանակ միջազգային հանրության, և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն ենք հրավիրում այս հարցի վրա և ակնկալում պատշաճ արձագանք»,-ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ , Ռուսաստանը սկսել է Ադրբեջանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարել, որն իր մեջ ներառում է տանկեր, ՀՄՄ-ներ ու հրետանային տեխնիկա, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 700 մլն ԱՄՆ դոլարից մինչև 1 մլրդ ԱՄՆ դոլար: «Ведомости» թերթը, հղում անելով ռուսական պաշտպանության ոլորտի իր աղբյուրին, գրել էր, որ տեխնիկայի մատակարարումը սկսվել է 2013 թ. մայիսին: Թերթի տեղեկությունների համաձայն` պայմանագրերով նախատեսված է 94 Т-90С տանկի, մոտ 100 БМП-3-ի, 18 ինքնագնաց «Мста-С» հրետանային սարքավորումների ու մի շարք այլ տեխնիկայի մատակարարում: Բացի այդ, տանկերի ու հրետանու հետ մեկտեղ ձեռք են բերվում մեքենաներ, որոնք անհրաժեշտ են դրանց մատակարաման համար: Պարբերականը նշում է, որ Т-90С-ը մատակարարվելու է ամբողջական սերիական կոմպլեկտավորմամբ:





