AM
26 Հունիս 2013 - 10:13 AMT

ԱԳ փոխնախարար. Ցանկացած երկիր չի կարող միայնակ դիմակայել անվտանգության սպառնալիքներին

Ցանկացած երկիր չի կարող միայնակ դիմակայել անվտանգության այն սպառնալիքներին, որոնք առկա են ժամանակակից փոփոխվող աշխարհում: Այսօր «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով համաժողովի ընդմիջման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նա նկատեց, որ Հայաստանն այդ տեսակետից ի սկզբանե ընտրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը` որպես իր անվտանգության կարևոր բաղադրիչ: Նա նշեց, որ ՀԱՊԿ հետ մեր երկիրը շատ ակտիվ համագործակցում է:

Անդրադառնալով համաժողովին, ՀՀ փոխարտգործնախարարը նկատեց. «Եթե կա այսպիսի կազմակերպություն, ապա բնական է, որ նման քննարկումները չափազանց կարևոր են, որովհետև, այնուամենայիվ, կազմակերպությունը երիտասարդ է` կայացման փուլում: Շատ հարցեր կան, որոնք ընթացքում կատարելագործվում են»:

Շավարշ Քոչարյանը շեշտեց, որ Հայաստանն ի սկզբանե ստորագրել է ՀԱՊԿ պայմանագիրն ու առաջիններից է դարձել կազմակերպության անդամ:

Ավելացնենք, որ այսօր Երևանում մեկնարկեց «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով համաժողով: Այն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը: Ֆորումի կազմակերպիչներն են ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը և «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպությունը: