Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը և ԱՄն դեսպան Ջոն Հեֆֆերնն այցելել են Ամուլսարի հանքավայր և շրջակա գյուղերից երկուսը՝ Գորայք և Գնդեվազ: Այցելության նպատակն էր` ծանոթանալ ծրագրի մանրամասներին և Գեոթիմի կողմից Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական զարգացման որոշ ծրագրերի:
Այցելության ընթացքում Գեոթիմի և Լիդիանի հանքարդյունաբերական, բնապահպանական և սոցիալական թիմերը ներկայացրեցին մանրամասներ՝ ծրագրի ներկա փուլի, ինչպես նաև Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման ընթացքի և Հայաստանում համապատասխան թույլտվությունների տրամադրման վերաբերյալ:
Դեսպան Քեթրին Լիչըն այցի ընթացքում ասել է, որ իրենց համար կարևոր է, որ ծրագրին աջակցում են այնպիսի ներդրողներ, ինչպիսիք են Միջազգային ֆինանսական կորպորացիան և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, որոնք պահանջում են հանքարդյունաբերության ոլորտում ամենաբարձր միջազգային չափանիշները: Սա ներառում է նաև շրջակա համայնքների տեղեկացվածության և համայնքների համար ծրագրից դրական տնտեսական և սոցիալական օգուտների ապահովում:
«Լիդիան ինթերնեյշնլի Ամուլսարի հանքավայրը ներկայացնում է Հայաստանում կարևոր օտարերկրյա ներդրումային ծրագիր: Քանի որ ընկերության բաժնետերերից շատերը ներդրողներ են ԱՄՆ-ից, ես ցանկություն ունեցա ծրագրին ավելի լավ ծանոթանալու: Ծրագիրը Հայաստանում զգալի տնտեսական ազդեցություն ունենալու պոտենցիալ ունի և մենք հույս ունենք, որ այն օրինակ կլինի առ այն, որ հանքարդյունաբերական ընկերությունը կարող է գործել պատասխանատու՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան»,-հավելել է Ջոն Հեֆֆերնը:





