Հայաստանն այնպես չի անում, որ Ռուսաստանն իրեն հարգալից վերաբերվի, կարծում է ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը, ում դեմ նախընտրական քարոզարշավի շրջանում մահափորձ էր իրականացվել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը մեզ պատերազմով սպառնացող Ադրբաջանին մեկ միլիարդ դոլարի զենք է տվել և հիշեցրեց, որ 1920 թվականին էլ Թուրքիային էր Ռուսաստանը զենք տրամադրել: Նա նշեց, որ իր համար մտահոգիչ է ոչ այնքան զենքի վաճառքը, որքան մարդկանց անտարբերությունն այդ հարցում. «Ստացվում է, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացուն սպանելու համար Ռուսաստանը Ադրբեջանին հինգ հարյուր դոլարի չափով զենք է տրամադրում: Որևէ մեկին չեմ առաջարկում մտնել հիստերիայի մեջ Ռուսաստանի դեմ, բայց իմպերալիստական Ռուսաստանի դեմ հիստերիա բարձրացնելն էլ քիչ է: Եթե իմ վրա չկրակեին և իմ վարկանիշը շարունակեր բարձրանալ, ընտրվեի նախագահ, ես արդեն քայլեր կձեռնարկեի»:
Ինչ վերաբերում է մեր երկրի անելիքներին, ապա, ըստ ԱԻՄ առաջնորդի, պետությունը պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համնախագահներին հրավիրեր և հայտներ իր բողոքը: Պարույր Հայրիկյանը քաղաքացիներին առաջարկում է համախմբվել և իշխանափոխություն անել: «Մեր պետական այրերն այս ամենն անտեսում են, որովհետև չեն ունեցել պատմական փորձառություն»,- ասաց նա:





