AM
1 Հուլիս 2013 - 12:09 AMT

«Տաթևեր» ճոպանուղին հուլիսից նոր ծառայություններ կառաջարկի

Աշխարհի ամենաերկար` «Տաթևեր» ճոպանուղին անցած տարի ունեցել է 100.000 հաճախորդը, իսկ այս տարի հուլիսին նախատեսվում է, որ կունենա 150.000-րդը: Տարեցտարի զբոսաշրջիկների թիվն ավելանում է` նախորդ տարիների համեմատ, այս տարի գրանցելով 10-14 տոկոս աճ: Եվ նրանց «Տաթևի դարպասներ» զբոսաշրջային գոտին հուլիսից նոր ծառայություններ կառաջարկի: Ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանն այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց. «Այսուհետև զբոսաշրջիկներին հնարավորություն կընձեռվի օգտվել օդապարուկների վարձույթից, կկազմակերպվեն հետիոտն և հեծանվային զբոսանքներ, ժայռագնացություն, կգործի աուդիոգիդերի վարձույթ, հուշանվերների կրպակներ»:

Ճոպանուղու տոմսերի գինը չի բարձրացել` հետադարձով 4000 դրամ է, իսկ մեկ ուղղությամբ՝ 3000, շրջակա գյուղերի բնակիչների համար՝ 500 դրամ: Իսկ մոտ 60 տեղաբնակ աշխատում է ճոպանուղում:

Պատասխանելով «Տաթևերի» տարածքում տեղադրված պիլոտային ծրագրով ձեռք բերված 100 մլն դրամ արժեցող բիոզուգարաններից մեկի մասին հարցին, որը չէր աշխատում, Մելիքսեթյանն ասաց. «Թեև բիոզուգարանը ճոպանուղուն չի պատկանում, բայց այն արդեն 2 շաբաթ է՝ աշխատում է»: